Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի հետ կատարվածը տեխնոլոգիա է, որը հին է, ինչպես աշխարհը, իսկ դրա հետևում կանգնածները նույնքան հին արհեստի տեր են


00:40 , 3 դեկտեմբեր, 2019

Այսօր Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի հետ կատարվածը տեխնոլոգիա է, որը հին է, ինչպես աշխարհը, իսկ դրա հետևում կանգնածները նույնքան հին արհեստի տեր են:

Այդ տերերի կարծիքով՝ իրենք այսպես կոչված «լյուստրացիա» են անելու, ընդ որում՝ հայտնի արհեստի զավեշտական գրգռվածությամբ պատրաստվելով այս արարքի արձագանքողներին, որպեսզի նրանց պիտակավորեն որպես պրոռուսական կամ ռուսահպատակ: Դե Facebook-ով քաղաքական դեբատ և քաղաքական «հուզանք և զանգ» առաջացնելն արդեն նորմա է դարձել: Փաստորեն, առաջիկայում ականատես կլինենք ռուսամետության և արևմտամետության սուր դիսկուրսի, ինչը կրկին կործանարար դեբատ է և մեր հասարակությանը ոչ թե պառակտելու, այլ հերթական անգամ երկու մասի բաժանելու փորձ, ինչը, սակայն, ցուցադրականության էֆեկտի առումով շատ շահեկան է:

Շնորհավորում եմ «հարգարժան» պարոնայք և տիկնայք կուրորեն և մինչև վերջ արժեքային առումով չգիտակցած, ինչպես նաև ոչ թե իրական, այլ կեղծավոր «արևմտամետներին»: Ձեր պսևդոլյուստրացիոն օպերացիան սկսված է, իսկ Facebook-ը Ձեզ բոլորիդ օգնական կամ գուցե պահապան: Ուշադիր կհետևեմ fake-ֆաբրիկաների աշխատանքին և թավշյա հեղափոխության ու դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ, նախկիններին մերժող իշխանական կամ ոչ իշխանական քաղաքական ուժերի, հանրային միավորների ու անհատների գործողություններին:

Հ.Գ. Նոր Հայաստանում մարդկանց տեսքով «քաղաքական գործիքները» ավելի շատ են, քան քաղաքի բոլոր տնտեսական խանութներում վաճառվող գործիքները: