«Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ. «Մի՛ կորցրեք, մարդիկ»». Վարդգես Պետրոսյանի՝ հոգին ու սիրտը տակնուվրա անող 15 մտքերը


18:30 , 2 դեկտեմբեր, 2019

Հայտնի գրող Վարդգես Պետրոսյանը իր գործունեության սկզբում գրում էր բանաստեղծություններ ու հետո անցում կատարեց արձակի։ Հենց արձակ ստեղծագործություններում էր, որ Պետրոսյանը գտավ ինքն իրեն ու կարողացավ փոխանցել մարդկային հոգու բոլոր անկյունների փիլիսոփայությունը։ Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի արձակագրի 15 մտքերին, որոնք կարող են կարդացողի սիրտն ու հոգին տակնուվրա անել։ 

1. Երևի ամեն մարդ թանկ մեկին պիտի կորցնի, որ որոնի հետո ամբողջ կյանքում, քանի ապրում է: Հենց գտավ, ուրեմն, նա չի: Նրան չպիտի գտնես:

2. Երաժշտությունը չի կիսում մարդու մենակությունը, ընդհակառակը, լրիվ է դարձնում, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

3. Մարդկանց պիտի սիրել կենդանի ժամանակ, նրանց համար կենդանի ժամանակ պիտի զգույշ լինել: Երբեք չես կարող ասել` այն մարդուն, որին այսօր տեսար, կհանդիպե՞ս նորից: Զգույշ պիտի լինել, թե չէ` ու՞մ են պետք ծաղիկներն ու արցունքները:

4. Խոսքով հեշտ է, խոսքով ամեն ինչ հեշտ է:

5. Դդումն է հասունանում, մարդը ծերանում է:

6. Աշխարհի ամենալավ դրամաները չեն գրվի: Չեն գրվի, որովհետև բեմի վրա դերասանները չեն կարող նստել ու լռել: Կյանքում՝ մարդիկ կարող են:

7. Ձյուն գար աշխարհում, ծածկեր ամեն ինչ ու չհալվեր, ու դրա վրա կառուցվեր կյանքը, ձյուն գար, ծածկեր բոլոր չապրած տարիները, սխալները, անկումները, ետ վերադառնային չապրած տարիները:

8. Բոլորն էլ ուզում են այն, ինչ կորցրել են կամ չեն ունեցել: Ինչ որ ունեն կամ չեն կորցրել՝ ձանձրալի է:

9. Երևի մարդուն, իրոք, հարկավոր է երբեմն մենակ մնալ` ինքն իր հետ, ինքն իր դեմ, և, երևի, հենց այդ ժամանակ են գալիս իսկական մտերիմները, որոնց կորցնում ես, որովհետև մտերիմները նրանք են, որոնց կորցնում ես: Միայն պատահական մարդիկ են, որ միշտ կողքիդ են:

10. Ամենից հաճախ նա վախենում Էր անհեթեթ մտքերից, դրանք խառնում են կյանքի բոլոր օրենքները, որովհետև հաճախ ավելի տրամաբանական են թվում:

11. Ով սիրում է, նա սիրո դեսպանն է դառնում, սիրո զավակը: Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ: Չար մարդիկ հաշվով կատարված ամուսնություններից են:

12. Աշխարհում ամեն բան չէ, որ կորցնելուց հետո կարելի է գտնել…

13. Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ. «Մի՛ կորցրեք, մարդի՜կ»։ 

14. Օ՜, այդ ձրի հայրենասերները…Նրանց համար Հայրենիքը Արարատների գունավոր լուսանկարն է` փակցրած հյուրասենյակի պատին, հայկական ճաշարանն է` շիշ- քյաբաբով, կծու-թթու-մռու ուտելիքներով…

15. Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը: