Իրանը սկսում է «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրությունը


05:30 , 2 դեկտեմբեր, 2019

Իրանի ռազմածովային ուժերն այսօր հայտարարել են սուզանավերից արձակվող սեփական մշակման «Ջասկ» թևավոր հրթիռների զանգվածային արտադրության մասին: Այս մասին հաղորդում է «Սինհուան»՝ հղում անելով Press TV հեռուսըաալիքին:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իրանական սուզանավերը հագեցած կլինեն նշված տիպի հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորության ցուցանիշը հետագայում «զգալիորեն» բարելավվելու է:

Նա ասել է, որ այդ զենքը Իրանի ռազմածովային ուժերին թույլ կտա ավելի մեծ հեռավորության վրա խոցել թիրախները:

Հրթիռը «միանշանակ մեծ անակնկալ կլինի թշնամու համար»,- ասել է Խանզադին՝ առանց նշելու դրա տեխնիկական բնութագրերը:

Ավելի վաղ, երկրի ռազմածովային ուժերը Թեհրանում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էին ուղղահայաց թռիչքի ու վայրէջքի հնարավորությամբ Pelican-2 ծովային բազավորման անօդաչու թռչող սարքը: