Անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկման մասին օրենքի նախագիծը կհանգեցնի գույքահարկի բարձրացման:
Դժվար է սույն օրենքի նախագիծն ու գույքահարկը դիտել տարանջատված, քանի որ գույքահարկը սահմանվում է՝ ելնելով գույքի կադաստրային արժեքից:
Իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ գույքահարկի մասին օրենքում կմտցվեն կարգավորումներ, որով կմեղմվի սոցիալապես խոցելի հատվածի հասցվող վնասը: Այսպիսով՝ իշխանությունն ինքն է փաստում՝ վնասը լինելու է, գույքահարկը կբարձրանա:
Տրամաբանորեն, այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ օրենքով սահմանված կարգով մինչև 3 մլն դրամ արժողությամբ գույքը չի հարկվել (մոտ 600 000 անշարժ գույքի մասին է խոսքը), նախագծի՝ ուժի մեջ մտնելուց հետո, կհարկվի: Կավելանա նաև այս պահին հարկվող գույքի հարկաչափը:
Որևէ մեկը հիմք չունի պնդելու, որ նշված կարգավորումները հնարավոր չէ գտնել, բայց դրանով գույքահարկի համընդհանուր բարձրացումից չես խուսափում:
Իսկ այն, որ կադաստրային արժեքի գնահատման մասին օրենքի նախագիծն ունի հենց այդ նպատակը, պարզ է, քանի որ հայտարարված շքեղ առանձնատների համար կարելի է ներդնել առանձին գործիք:
Երկար վերլուծության առարկա է՝ որքանով է լավ կամ վատ որևէ հարկատեսակի բարձրացումը, բայց այն, որ այս պահին փորձ է արվում խուսափելու իրերն իրենց անուններով կոչելուց, հստակ է: