Առողջապահական հարկի մասին


19:38 , 27 նոյեմբեր, 2019

Ներառական, սոցիալական առողջապահական ծրագիր ունենալը յուրաքանչյուր քաղաքացու եթե ոչ երազանքը, ապա գոնե շատ մեծ ցանկություններից մեկն է: Ճիշտ է, որ մեր քաղաքացիները երբեմն կանգնում են աղքատացման եզրին առողջապահական խնդիրների լուծման պատճառով: Ամեն ինչ ճիշտ է: Պահն է սխալ:

Պետությունը նման հարկի սահմանումից առաջ պարտավոր է նախ համապատասխան պայմաններ ստեղծել, որպեսզի քաղաքացին, վճարելով գումար շատ հաճախ ոչ փաստացի իր կամ իր հարազատի բուժման համար (Աստված մի արասցե), դա չանի՝ ի հաշիվ օրվա հացի: Եկող տարի սպասվող աշխատավարձերի մի քանի հազար դրամով ոչ համատարած բարձրացումն այդ պայմանները դեռ չեն ստեղծում:

Թվերով պատկերացնելու համար

Միջինում մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողի համար այս պահին Արսեն Թորոսյանի կողմից հիշատակված հաշվարկներով անհրաժեշտ գանձվող գումարը (6%) կկազմի 9000 դրամ, նվազագույն աշխատավարձ ստացողի համար՝ 4000 դրամ, միջինից բարձր աշխատավարձի դեպքում, օրինակ՝ 500 000-ի, պարտադիր հարկի գումարը կկազմի 30 000 դրամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջինից բարձր աշխատավարձ ստացողների թվում քիչ չեն մարդիկ, ովքեր իրականում ստանում են այդքան, բայց գրանցված են ավելի քիչ թվով, չի բացառվում՝ առաջանա շատ արատավոր միտում. աշխատողներն իրենք լինեն շահագրգիռը մնալու ավելի քիչ գրանցված աշխատավարձով:

Եվս մի քանի այսպիսի ծրագիր, և այդ միտումն ավելի իրատեսական կլինի:

Հետաքրքիր զուգադիպությամբ այսպիսի ծրագրի մասին Արսեն Թորոսյանը խոսում է սպասվող եկամուտների համահարթեցման, ինչպես նաև նախկինում օլիգարխ, ներկայիս գործարարների (ում ամենաշատն է վերաբերում եկամուտների համահարթեցումը) կողմից պետական գերատեսչություններին մատուցվող նվերների, ինչպես նաև պետությունից ստացվող արտոնությունների ֆոնին: