Արհեստական բանականությունը Շեքսպիրի պիեսում օտար տեքստ է հայտնաբերել


20:00 , 26 նոյեմբեր, 2019

Չեխ գիտնական Պյոտր Պլեխաչը մեքենայական ուսուցման համակարգ է մշակել, որը Ուիլյամ Շեքսպիրի «Հենրիխ VIII» պիեսում ուրիշի կողմից գրված տեքստի հատվածներ է հայտնաբերել: Այս մասին հաղորդում է Engadget կայքը:

Անցկացված հետազոտության արդյունքում տեքստի կոնկրետ հատվածներ են հայտնաբերվել, որոնք ենթադրաբար պատկանում են Շեքսպիրի ժամանակակից Ջոն Ֆլետչերի գրչին: Նրան արդեն երկար ժամանակ է ինչ Շեքսպիրի համահեղինակ են անվանում, սակայն այս թեմայով քննարկումները դեռ շարունակվում են:

Չեխ գիտնականը ալգորիթմ է ստեղծել, որը սովորել է Շեքսպիրի և Ֆլետչերի պիեսներում ճանաչել խոսքի դարձվածքները և ռիթմերը: Դրանից հետո համակարգը գործարկվել է «Հենրիխ VIII» պիեսը ստուգելու համար:

Ինչպես և ենթադրվում էր, Ֆլետչերը գրել է պիեսի գրեթե կեսը: Անսպասելի էր այն փաստը, որ երբեմն պիեսում հեղինակները հաջորդում են իրար ոչ միայն նոր տեսարանի սկզբից, այլև մեջտեղներից: Դա նշանակում է, որ Շեքսպիրն ու Ֆլետչերը շատ սերտորեն են աշխատել պիեսի ստեղծման վրա: