Louis Vuitton-ը գնել է Tiffany & Co-ն՝ 16 միլիարդ դոլարով


18:00 , 25 նոյեմբեր, 2019

Ֆրանսիական Louis Vuitton Moet Hennessy (LVMH) ապրանքանիշը (LVMH) հայտարարել է, որ կարողացել է համաձայնության գալ ամերիկյան Tiffany & Co ոսկերչական ընկերության հետ: Գործարքի գինը կազմել է 16.2 միլիարդ դոլար, ասվում է LVMH-ի կայքում:

Վերջնական համաձայնագիրը ստորագրվել է ընկերությունների միջև: LVMH-ի կողմից Tiffany-ի ձեռքբերումը հաստատվել է երկու ընկերությունների տնօրենների խորհուրդների կողմից:

Գործարքը նախատեսվում է ավարտել 2020-ի կեսին:

«Tiffany-ի ձեռքբերումը կամրապնդի LVMH-ի դիրքերը ոսկերչական ոլորտում և հետագայում էլ ավելի կընդլայնի նրա ներկայությունը Միացյալ Նահանգներում»,- ասվում է հայտարարության մեջ:

LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյի խոսքերով, ապրանքանիշն ուրախ է ողջունել աննախադեպ ժառանգություն և համաշխարհային ոսկերչական աշխարհում եզակի դիրք ունեցող ընկերությանը, որն այժմ ընտանիքի մաս կկազմի: