Ոչ հերքել, ոչ հաստատելու հաստատման մասին


18:00 , 23 նոյեմբեր, 2019

Կարծես, թե արդեն ձեռագիր է դառնում «ոչ հերքված, ոչ հաստատված» ցանկացած ինֆորմացիա վերջնաարդյունքում հաստատելը:
Օրեր շարունակ հայ հասարակությունը հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման մասին լուրերը ստանում էր բացառապես ադրբեջանական մամուլից, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հարցմանը «ոչ հերքել, ոչ հաստատել» էր լուրը:
Վերջապես այսօր տարածվեց, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը ի պատասխան լրագրողի հարցին հաստատել է լուրը, մասնավորապես ասելով. «Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ»:

Հիմա հարցեր.
Իսկ նորմա՞լ է, որ հանրությունը պոստ ֆակտում է իրազեկվում:
 Նորմա՞լ է, որ հայ ընթերցողը ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն է տեղեկանում (հետո ասում եք մի հետևեք, իրենց մոտ սուտ տեղեկատվություն եք կարդում):
 Ի՞նչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցներն ու լրագրողները:
Ո՞վ է որոշել և ինչու՞ «թաքուն»:

Եթե այս ամենն արվել է «փոխվստահության մթնոլորտի ստեղծման, ամրապնդման» համար, ապա շատ սխալ մոտեցմամբ է արվել՝ սեփական հանրության մոտ վստահությունը կորցնելու կամ առնվազն պակասեցնելու հաշվին: