ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին


18:02 , 22 նոյեմբեր, 2019
Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։ 

Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական և Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները:

Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:

Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:

Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսևորման և ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը: