Պոռթկումս կարող եմ արդարացնել. Ռուբեն Սահակյանը՝ ՓՊ որոշման մասին


19:01 , 21 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

«Հարուցման փաստի եւ հիմքերի առթիվ պարզաբանումներ տալ չեմ ցանկանում։ Պոռթկումս, կապված դատավորի արտահայտած բառերի հետ, կարող եմ արդարացնել։ Դա պոռթկում էր ՝ ի պատասխան այն անհարգալից վերաբերմունքի, որը թույլ տվեց դատական նիստին՝ իմ ելույթի ժամանակ հարգելի դատարանի դատավորը, որը անհարգալից վերաբերմունք էր դրսեւորում դատավարության մասնակցի՝ տվյալ դեպքում , իմ նկատմամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ եւ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով Փաստաբանների պալատի որոշմանը։

Հիշեցնենք, ՓՊ-ն քննարկել է փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը։ Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է հարուցել կարգապահական վարույթ: Ըստ ԶԼՄ հրապարակումների, Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ տվյալ դատական նիստի ժամանակ ցանկանում էր հիմնավորել այն միջնորդությունը, որը ներկայացվել էր պաշտպանական խմբի կողմից եւ բերել փաստարկներ, որպեսզի պարզաբանի, որ դատարանը հասկանա՝ չկա այնպիսի հանգամանք, որին վրա Ռոբերտ Քոչարյանը անհրաժեշտություն, ցանկություն, կարիք կարող է ունենալ խոչընդոտել։ «Ողղակի գործում չկա նման բան, եթե չկա, ինչո՞ւ պետք է այդ հիմքով, որ կարող է խոչընդոտել, մերժվեր նրա նկատմամբ գրավ կիրառելու հնարավորությունը։ Ո՞րն է տրամաբանությունը»,-հարցրեց փաստաբանն ու շեշտեց, որ դատավոր Դանիբեկյանը թույլ չէր տալիս իրեն այդ հիմնավորումները ներկայացնել։

«Ավելին, ի վերջո, տեքստը ես գրավոր ներկայացրեցի դատարանին։ Նա ամբողջությամբ տեքստն արտագրեց իր որոշման մեջ ՝ ամբողջությամբ, իմ տառասխալներով հանդերձ, բայց չանդրադարձավ միջնորդությանը ։ Այդ դեպքում , ինչու՞ էիր արտագրում»,-նշեց Ռուբեն Սահակյանը։
Փաստաբանը շեշտեց՝ ՄԻԵԴ-ը ՄԻ եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի առումով 2002 թվականից մինչ օրս ընդդեմ Հայաստանի բազմաթիվ որոշումներ է կայացրել, երբ անձի խափանման միջոցը չեն փոխում կարծրատիպային հիմնավորումների պատճառով. «Կխոչընդոտի, կխուսափի, կփթաքնվի, բայց ինչո՞ւ։ Օրենքը պահանջում է, որ պարզաբանում մտցնես, գոնե քո ենթադրությունը շարադրես։ դատավոր Դանիբեկյանը նման բան չի արել ։ ՄԻԵԴ-ը ասում է՝ հարգելի հայեր, դե, հերիք եղավ էլի, մենք ամեն անգամ ձեզ ի ցույց ենք դնում, որ Փիրուզյանի գործով, Մալխասյանի գործով, Սեֆիլյանի գործով, Հովհաննիսյանի գործով, Հարությունյանի գործով, Բադալյանի գործով այդ պրակտիկան վերացրեք, չի կարելի կարծրատիպային ձեւակերպումներ օգտագործել, հարկավոր է պարզաբանել՝ ո՞րն է խոչընդոտելու վտանգը»։

Ռուբեն Սահակյանը ընդգծեց՝ որեւէ մեկը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ «Փաստաբանի խոսքով, Քոչարյանը չի ժխտում որոշ հանգամանքներ, օրինակ, ո՞նց ժխտի, որ ելույթ է ունեցել ուսանողների առջեւ կամ ինչո՞ւ ժխտի, որ Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել կամ Սեյրան Օհանյանի ելույթ ունենալը ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ կամ որ ինչ-որ գործողություններ են իբր կատարվել գործի քննությունից հետո 2008 թվականի կեսերին, բայց ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը դրա հետ։ Այդ մեր փառապանծ գլխավոր դատախազությունը կարող է նման բան անել։ Չէ՞ որ այն բոլոր խախտումների մեղքը, որ թույլ են տվել եւ ՄԻԵԴ-ն իր ուշադրությունը հրավիրել ու ՀՀ-ին 100 հազարավոր դոլարներով տուգանել է, միմիայն գլխավոր դատախազությանն է, որը միշտ ճնշում է գործադրել դատարանների վրա, Վճռաբեկ դատարանն իր հլու հնազանդ կամակատարն է եղել, դակել է ստորադաս դատարանների որոշումները եւ արդյունքում Հայաստանը հարկատուների փողերից վճարել է այն անձանց, ում հանիրավի կալանքի տակ են պահել»,-եզրափակեց փաստաբանը։