The Times-ը պատմել է «Միսս Բելառուս 2018»-ի և Լուկաշենկոյի կապի մասին


19:15 , 21 նոյեմբեր, 2019

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավորը գեղեցկության մրցույթի հաղթող 22-ամյա Մարիա Վասիլևիչն է, որը «ռոմանտիկ հարաբերություններ ունի» երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին գրում է The Times-ը՝ պետության ղեկավարին անվանելով «բազմամյա բռնապետ»:

Վասիլևիչին, «Միսս Բելառուս» տիտղոսն անցած տարվա մայիսին նվաճելուց հետո, հաճախ են նկատել հանրության շրջանում 65-ամյա Լուկաշենկոյի հետ: Նրանք միասին մասնակցել են պետական փառատոնների, հոկեյի խաղերի, ինչպես նաև 2018 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Ռուսաստանում: The Times-ը պնդում է, որ Լուկաշենկոն Վասիլևիչին պարգևատրել է պետական մեդալով՝ մշակույթի և բարեգործության ոլորտում ունեցած ներդրման համար, ինչպես նաև անձամբ է հետևել «Միսս աշխարհ 2018» մրցույթին նրա նախապատրաստմանը: Աղջիկը գրավել է երրորդ տեղը:

Հրապարակման մեջ նշվում է, որ պատգամավոր դարձած Մարիա Վասիլևիչը քաղաքական փորձ չունի: Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատում նա մտադիր է զբաղվել երիտասարդության խնդիրներին ուշադրություն հրավիրելու հարցով:

Այս շաբաթ հայտնի է դարձել, որ ընդդիմության ոչ մի թեկնածու չի մասնակցել Բելառուսում կիրակի տեղի ունեցած խորհրդարանի ստորին պալատի խորհրդարանական ընտրություններին: Քննադատները ընտրությունները կեղծ են անվանել, հիշեցրել է The Times-ը: