Տեր-Պետրոսյանը լռում է, որովհետև այլևս ընդդիմադիր «փչացնելու» կադր չկա


10:00 , 6 հուլիս, 2013

«Լևոն Տեր-Պետրոսյան, Դուք ընդդիմադիր երբեք չեք եղել, Դուք միշտ էլ մեզ հետ խաղացել եք, չէ՞»: Ի՞նչ կուռքերով ենք առաջնորդվում. կյանքը ցույց տվեց, որ մենք ընդդիմադիր մոդուլների բացակայության պայմաններում ենք ապրում: Դե այսպես էլ պետք է լիներ, այլ կերպ չէր էլ կարող լինել, մեր սխալը գալիս է հնուց` մենք վերցրինք և Լևոն Տեր-Պետրոսյանին դարձրինք կուռք և փորձեցինք ամեն ինչ անել, որպեսզի նա մեզ առաջնորդեր: Իսկ նա դա չարեց, գիտե՞ք, թե ինչու… Պատասխանը հետյալն է` նա երբեք էլ ընդդիմադիր չի եղել, համենայնդեպս երրորդ հանրապետության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում: Նա չէր էլ կարող լինել ընդդիմադիր, քանզի մոտ 8 տարի լինելով ՀՀ առաջին նախագահ` ինքն է դրել այն ֆունդամենտը, որի վրա հնարավոր էր կառուցել այն, ինչ դեռ երեկ նա քննադատում էր: Բոլոր թերությունները, բոլոր չարաշահումները, ամենաթողության և անպատժելիության բոլոր էլեմենտները սկիզբ են առել իր իշխանության օրոք: Դեռ մի քանի տարի առաջ նա հնչեցնում էր` նայեք, թե ինչպիսի անգրագետներ են մեզ ղեկավարում, մարդիկ որոնք տարական կրթություն չունեն: Իսկ այդ հնչեցնելուց առաջ նա չէր հասկանում, որ անգրագետ ղեկավարների ավանդույթը ինքն է դրել, թե արդեն մոռացել է «պոլի փետ լինի` մենակ ՀՀՇ-ից լինի» ՀՀՇ-ի լոզունգի մասին: 
Այժմ զարմանալի կերպով լռում է այս  «տաղանդավոր ընդդիմադիրը»: Իսկ ինչո՞ւ խոսի, չէ՞ որ, ինչպես կյանքը ցույց տվեց, նա ուներ-չուներ մի առաքելություն ուներ` տապալել յուրաքանչյուր ընդվզում: Իրեն բնորոշ իրոնիկ ինտոնացիայով նա կարողանում էր բոլոր այլ քիչ, թե շատ ընդդիմադիրներին, որոնք իր դաշտում չէին գործում, դարձնել ծիծաղի առարկա, ինչպես դա արեց Րաֆֆու հետ կապված: Ոչ մի իշխանություն ուղղակի ի վիճակի չէր այդպես զրոյացնել բոլոր ընդդիմադիրներին, ինչպես դա անում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա իրեն համախոհ չհամարող յուրաքանչյուր գործչի փչացնելու մեծ վարպետ է:
Իսկ կարո՞ղ եք ասել` ինչու է նա հիմա լռում… Ըստ իս` միակ պատճառը այն է, որ այլևս չկա այնպիսի մի ընդդիմադիր գործիչ, որին «փչացնելու» կարիք կա: Եվ եթե մենք հանկարծ աշնանը ականատես լինենք, որ հրաշքով ի հայտ գա մի նոր քաղաքական ուժ կամ ֆորմացիա, ապա մենք դրան զուգահեռ անպայման կտեսնենք, թե ինչպես է նորից քարանձավից դուրս գալիս 68 կամ 69 տարեկան Լևոն Տեր-Պետրոսյանը…
Հարգելի ժողովուրդ, ժամանակը եկել է, որպեսզի մենք ազատվենք տերպետրոսյանական քայքայիչ մոդելից: Պետք չէ հուսահատվել, ամեն ինչ առջևում է:
Հ.Գ. Ցույց տվեք իրական, կենսունակ, անաչառ, ընդդիմության դասական այբուբենով շարժվող գործչի, և մարդիկ կգնան նրա հետևից (ոչ թե շինծու, գոյություն չունեցող այլընտրանքային ֆորմացիա…): Կգնան, մի գրամ մի կասկածեք, կգնան, որովհետև արտագաղթելուց առաջ բոլորն էլ ունեն իրենց վերջին չմարող լույսը, և հենց այդ լույսը կստիպի, որ մարդիկ հավաքվեն վերոհիշյալ չափանիշներով մարդու շուրջ, դուք միայն ցույց տվեք…