Երկաթուղու տնօրինությունը պատժո՞ւմ է հայ աշխատակիցներին՝ փոխարինելով նրանց ռուսներով․ ՌԴ-ից Հայաստան են գործուղվել ռուս մեքենավարներ


23:02 , 19 նոյեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է․

«Հարավ Կովկասյան երկաթուղ»-ի ՓԲԸ աշխատակիցներին երեկվանից հանգիստ չի տալիս կատարվածը: Բանն այն է, որ Ռուսաստանի դաշնությունից 2 բրիգադ աշխատակից է գործուղվել Հայաստան, ովքեր այսօրվանից դուրս են եկել աշխատանքի՝ փոխարինելով հայ մեքենավարներին: «Երեկ Արաքս եւ Դալարիկ երկաթուղային կայարանների տարածքում մեր էլեկտրաքարշի շարժիչները շարքից ելել էին, պարզվում է՝ ռուս նոր մեքենավարներ ունենք, ընդամենը երեկ եկել են ու անցել գործի՝ առանց մեր տեղանքին ու ճանապարհներին ծանոթանալու»,-պատմեց ՀԿԵ մեր աղբյուրը:Նրա խոսքերով՝  ռուսական ընկերությանը պատկանող երկաթուղու  տնօրինությունը դեռ օրեր առաջ է նախազգուշացրել այդ մասին, սակայն աշխատակիցները լուրջ չեն վերաբերել:Ամեն ինչ  սկսվեց մոտ մեկ ամիս առաջ լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների գործադուլից: Մեքենավարները պահանջում էին բարձրացնել իրենց աշխատավարձերը: Տնօրինությունը զիջումների գնաց եւ նոյեմբերի մեկից ՀԿԵ աշխատակիցների աշխատավարձը բարձրացրեց 10 տոկոսով: Բայց, ինչպես երևում է՝ այն տնօրինության սրտով չի եղել եւ ներքին պլան է մշակվել՝ աշխատողներին պատժելու:  «Ես անցած ամիս ստացել եմ մոտ 270 հզր դրամ աշխատավարձ, բայց էսօր լսել եմ, որ Ռուսաստանից եկած 10 մեքենավար պիտի աշխատեն 1մլն դրամից ավել աշխատավարձով, իրենց բնակարաններով ու սնունդով էլ են ապահովել, ամեն մեկի վրա ծախսվելու է 2 մլն դրամ, էդ տնօրինությանը ձեռք է տալի՞ս, մենք ձեռք չենք տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ մեր հողի մեջ ստրուկ ենք, իրենք՝ արտոնյալ»,-սրտնեղած պատմեց  մեքենավարներից մեկը՝ նշելով,որ այս օրերին առանց նախազգուշացման կրճատել են մեքենավարներ աշխատաժամերը, ոմանց,առանց   նախազգուշացման, պարապուրդի են ուղարկել, եւ միայն հիմա են գլխի ընկնում թե՝ ինչու:

ՀԿԵ ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձլյանից առավոտյան փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք ռուս մեքենավարները Հայաստան են եկել փոխարինելու հայերին, որևէ հարցում զիջո՞մ են մեր մեքենավարները նրանց, թե՞ եկել են այլ նպատակով: Ընկերության մամուլի քարտուղարը փոխանցեց,  որ կփորձի ինֆորմացիա տրամադրել, սակայն մինչ այս պահը   տեղեկություն դեռևս չի տրամադրվել: