Մկրտիչ Էմին. մեծանուն մարդ, ով ռուս ու արևմտաեվրոպացի հանրությանը ներկայացրել է հայոց լեզուն ու հայկական մշակույթը


22:45 , 19 նոյեմբեր, 2019

Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի պատմության մեջ բազմաթիվ հայկական ազգանուններ կան, որոնցից հարկ է առանձնացնել Մկրտիչ Էմինի անունը՝ հայագետ, Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների պրոֆեսոր, լեզվաբան, պատմաբան ու թարգմանիչ:

Էմինի ներդրումը գիտության մեջ անգնահատելի է: Հենց նա է առաջին անգամ ծանոթացրել ռուս ու արևմտաեվրոպական գիտական հանրությանը Հին Հայաստանի մշակույթի հետ: Բավականին շատ ժամանակ հատկացնելով հնագույն հայկական արխիվներում ու հուշարձաններում պահպանված ազգային երգեր ու ասույթներ հավաքելուն՝ նա բացահայտում էր դրանց բանաստեղծական ու պատմական նշանակությունն ու օտարերկյա հանրությանը ներկայացնում հայկական պոեզիայի գեղեցկությունը: Նա նաև բազմաթիվ թարգամանություններ է կատարել հայերենից:

Էմինը ծնվել է Պարսկաստանում՝ Նոր Ջուլֆայում (Սպահան): Նրա հայրն ունևոր մարդ էր և որդուն ուսանելու ուղարկեց Հնդկաստան: Իր ուսուցիչներից Մկրտիչն իմացավ Լազարյան ճեմարանի մասին, և նրա մոտ մեծ ցանկություն առաջացավ տեղափոխվելու Մոսկվա և ճեմարանում կրթությունը շարունակելու:

Էմինը լքեց Հնդկաստանը և շվեդական նավով ուղևորվեց հեռավոր Ռուսաստան: Դրանից առաջ նա նախ այցելեցԵվրոպա, ապա Ֆինլանդիայով հասավ Ռուսաստան: 1829 թ. աշնանը Էմինին ընդունեցին Լազարյան ճեմարանի առաջին դասարան: հինգ տարի անց տաղանդավոր երիտասարդն ավարտեց ողջ կուրսը և ընդունվեց Մոսկվայի համալսարան, որտեղ էլ հրաշալի պատմալեզվագիտական նախապատրաստություն անցավ: 1850 թ. երբ նրա «Հին Հայաստանի ժողովրդական պատմական երգերի մասին» աշխատությունը մեծ ճանաչում էր ձեռք բերել, Էմինը սկսեց ղեկավարել Լազարյան ճեմարանի  հայ գրականության բաժինը:

1860-ականներին նա տպագրեց հայ գրական ու պատմական բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմությունը», Մխիթար Այրիվանցու «Ժամանակագրությունը», Վարդան Մեծի «Ընդհանուր պատմությունը», Ստեփանոս Տարոնացու «Պատմությունը» և այլն: Սակայն նրա գլխավոր գործը դարձավ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» թարգմանությունը: Ռուս գիտնականներից առաջինը դա անելով՝ Էմինը ռուս ընթերցողին հասանելի դարձրեց V դարի հայ ականավոր պատմիչի գործը: Այդ ժամանակ Ռուսաստանում Հայաստանը ճանաչում էին որպես ռազմական գործողությունների թատերաբեմ և շատ տեղեկություններ չունեին մեր մասին:

Էմինը Հայկական նրբանցքի տներից մեկին է նվիրաբերել իր ողջ խնայողությունները՝ 10 հազար ռուբլի: Նրա մահից հետո «Էմինի ֆոնդի» ողջ գումարն ուղղվեց հայոց լեզվի ու մշակույթի վերաբերյալ նյութերի տպագրմանն ու տարածմանը: Հայ երիտասարդ շատ գիտնականներ այդպիսով հնարավորություն ստացան նոր ուսումնասիրություններ կատարելու:

Մկրտիչ Էմինը մահացել է 1890 թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայում և թաղված է հայկական գերեզմանոցում: