Որոնք են Ռուսաստանի ագային գրադարանում պահպանված հայկական ձեռագրերը և ինչպես են այնտեղ հասել


21:00 , 19 նոյեմբեր, 2019

Ռուսաստանի ազգային գրադարանում հայկական ձեռագրերի քանակը շատ մեծ չէ. դրանք հարյուրից մի փոքր ավելի են: Սակայն այդ հայալեզու ձեռագիր գրքերն ու փաստաթղթերը մի քանի տեսանկյունից, անխոս, մեծ հետաքրքրություն են ներկայացնում՝ ժանրերի բազմազանություն, գրքարվեստի առանձնահատկություններ, ժամանակային խզում, գոյության պատմություն, պահպանություն:

Կայսերական հանրային գրադարանում պահպանվում է կախարդանքների փոքրիկ ժողովածու, որը գրվել է 1663 թ. Ստամբուլում: Այն գրադարանում է հայտնվել 1805 թ.՝ շնորհիվ Փարիզում ռուսական հյուպատոսության քարտուղար Պ. Դուբրովսկու: Վերջինիս կողմից հավաքված ձեռագրերով գրադարանում կազմվեց ձեռագրերի համար նախատեսված առանձին բաժին: 1891 թ. Կամենեց-Պոդոլսկայից գրադարան է ուղարկվել 44 հայկական ձեռագիր, որոնք պատկանել են քաղաքի հայկական-կաթոլիկ եկեղեցուն: Այստեղ է պահպանվում նաև «Շարակնոց» ժողովածուն, որը գրվել է 1673 թ. և առատորեն զարդարված է թանկարժեք քարերով ու գեղեցիկ սկզբնատառերով:

Բովանդակության տեսանկյունից դիտարկելիս՝ ձեռագիր գրքերի մեծ մասը կրոնական բովանդակություն ունեն՝ Ավետարաններ, սաղմոսներ, աղոթքներ, հոգևորական պոեզիա և այլն:

Գրադարանում ներկայացված են և՛ հոգևոր, և՛ գիտական գրքեր՝ օրենսգրքեր, դատաստանագրքեր, պատմական գրքեր, բառարաններ, աստղագիտական և աշխարհագրական ժողովածուներ, տրամաբանական գրքեր և այլն:

Առավել հին ձեռագրերը թվագրվում են մոտ XI-XII դդ.՝ Ավետարանից հատված, Հովհաննեսի ավետարանի մեկ էջ և այլն: Իսկ ավելի ուշ ձեռագրերը թվագրվում են XX դարին, այդ թվում՝ Մաքսիմ Գորկու «Երգ բազեի մասին»-ը՝ Հայկունու թարգմանությամբ:

Հետաքրքիր է նաև այն, թե այդ բոլոր ձեռագրերն ի սկզբանե որտեղ են գրվել՝ Էջմիածնում, Նախիջևանում, Ստամբուլում, Ամասիայում, Բիթլիսում, Սպահանում, Թթբիլիսիում, Լվովում, Թեոդոսիայում, Հին Ղրիմում, Կամենեց-Պոդոլսկում, Վենետիկում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Նման բազմազանության պայմաններում դժվար է խոսել հայկական գրքային արվեստի զարգացման միասնական ընթացքի մասին. ակնհայտ է, որ տարբեր վարպետներ անգամ կրկնօրինակել են առավել վաղ հեղինակների աշխատանքներ: