Պետության ներսում իրար լեզու չհասկանալը նոր մակարդակի է բարձրացել


16:23 , 19 նոյեմբեր, 2019

Օրերս ԱԱԾ-ն, լրատվականներից մեկի դիմումին ի պատասխան, նշեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի Զ ենթակետի համաձայն»:

Նշենք, որ, համաձայն հոդվածի, օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

Սա, իհարկե, տարօրինակ է, և մի շարք հարցեր է առաջ բերում: Եվ առաջին ու ամենակարևոր հարցը. ինչպե՞ս է անձը, ում մուտքը ՀՀ անցանկալի է՝ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին սպառնալիք ներկայացնելու համար, հայտնվել վարչապետի աշխատակազմում: Ինչպե՞ս։

Բայց սա դեռ ամենը չէ: Այս տեղեկատվությունից կարճ ժամանակ անց գրառմամբ է հանդես եկել հենց ինքը՝ վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, ոչ ավել, ոչ պակաս, մեղադրելով ԱԱԾ-ին կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Ընդունեք՝ աբսուրդ է: Հասել ենք այնտեղ, որ պետության ներսում պետական մարմինները իրար լեզու չեն հասկանում, կոլեգիալության մակարդակի մասին ընդհանրապես լռում եմ: