Գերմանիայում պարբերականը հետաքննություն է սկսել իր սեփականատիրոջ նկատմամբ


06:48 , 19 նոյեմբեր, 2019

Գերմանիայում Berliner Zeitung պարբերականը հետաքննություն է սկսել իր նոր սեփականատիրոջ նկատմամբ, երբ պարզվել է, որ նա արևելագերմանական Շտազի գաղտնի ոստիկանության տեղեկատու է եղել, հաղորդում է The Guardian-ը:

Berliner Zeitung ձախակենտրոն պարբերականի խմբագրությունը, որը հիմնադրվել է 1945թ.-ին, հայտարարել է, որ Հոլգեր Ֆրիդրիխը, որն իր կնոջ հետ միասին գնել է պարբերականը, լրագրողներին «լիակատար աջակցություն և համագործակցություն» է խոստացել:

Ըստ գերմանական Welt am Sonntag պարբերականի կողմից հրապարակված Շտազիի արխիվային փաստաթղթերի, Ֆրիդրիխը տեղեկատու է եղել «Պիտեր Բերնշտեյն» գաղտնանունով:

Նա տեղեկություններ է տրամադրել իր ընկեր զինվորների մասին, որոնց հետ աշխատել է զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում: Փաստաթղթերը վկայում են, որ նա մի շարք խիստ վարկաբեկող տեղեկություններ է ներկայացրել իր գործընկերների մասին: