Վրաստանի ՆԳՆ-ն ցույցի կազմակերպիչներին կոչ է արել դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը


01:45 , 19 նոյեմբեր, 2019

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը: «Ալիք Մեդիա»-ն տեղեկացնում է, որ գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն արգելված է օրենքով:

Համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում:

Խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած ցույցերի ժամանակ գրանցվել են բախումներ, եղել են տուժածներ: Ժամեր անց ցույցը ցրվել է, խորհրդարանի հարակից տարածքում միայն ոստիկաններ են, ցուցարարները հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ մետրոյի հարակից տարածքում: