Ռուստամ Բադասյանը Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին


17:45 , 18 նոյեմբեր, 2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Գևորգ Սիմոնյանին:

Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

Նախարար Բադասյանը շնորհավորել է Գևորգ Սիմոնյանին և Ծառայության պետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ տեղյակ է Ծառայության խնդիրներից ու ղեկավար նոր կազմից պահանջը՝ բովանդակային փոփոխություններն են: Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել է Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծով նախանշված զարգացման ուղղությունները, ինչպես նաև առաջիկայում Կառավարությանը ներկայացվող Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որտեղ այլընտրանքային խափանման միջոցների համակարգում նոր մեխանիզմներ են ներդրվում և Պրոբացիայի ծառայության մասով գործառույթներ են ավելանում, ինչը ենթադրում է Ծառայությունում նոր ու բանիմաց կադրերի ներգրավում:

Ծառայության պետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ շատ անելիքներ կան ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացման ուղղությամբ:

«Վստահ եմ, որ նվիրված աշխատանքի արդյունքում կլուծենք մեր առջև դրված խնդիրները», - ասել է Գևորգ Սիմոնյանը: