«Ինձ թվում էր՝ այս ամենը ինձ հետ չի կատարվում». Միհրան Ծառուկյանը իր մենահամերգի ժամանակ ամուսնության առաջարկություն արեց Արփի Գաբրիելյանին


12:00 , 18 նոյեմբեր, 2019

Երեկ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» խորագրով առաջին մենահամերգը: Ամենառոմանտիկ և տպավորիչ պահը Միհրան Ծառուկյանի ամուսնության առաջարկությունն էր Արփինե Գաբրիելյանին: Ամեն ինչ նախապես պլանավորած էր․ «Անհնար է» երգը կատարելուց հետո Միհրանը որոշեց նախապես շնորհավորել սիրելիի 30-ամյակը: Արփիի և հանդիսատեսի համար շոկային էր, երբ երգիչը գրպանից հանեց մատանին և դրեց սիրելիի մատին:

Ամեն ինչ արդեն պաշտոնական է: Միհրանը և Արփին նշանադրված են: Զույգը տարիներ շարունակ գաղտնի էր պահում իրենց հարաբերությունները, չնայած գրեթե ամենուր նրանց կարելի էր միասին տեսնել.

«Երկար ժամանակ էի պատրաստվում այս անակնկալին, և երբ արդեն եկավ մենահամերգի պահը, հասկացա, որ դրանից ավելի լավ առիթ չի կարող լինել: Որոշեցի, որ հենց մենահամերգի ժամանակ եմ առաջարկություն անելու»,-նշեց Միհրան Ծառուկյանը։

Արփին սիրելիի անակնկալի մասին ոչինչ չէր կասկածում, միայն զարմացել էր, թե ինչու Միհրանը որոշեց իր ծնունդը ժամեր առաջ շնորհավորել. «Ինձ թվում է՝ այս ամենը ինձ հետ չի կատարվում, ես բացարձակ չէի սպասում: Շատ տարօրինակ էր ինձ համար, որ իմ ծնունդը որոշեց մի քանի ժամ շուտ շնորհավորել: Հետո տեսա արդեն մատանին»:

Արփին և Միհրանը երբեք չեն մեկնաբանել իրենց հարաբերությունները: Երգչուհին նշում է, որ չի սիրում իր կյանքը հանրայնացնել և տեսակով ավելի ուշադրություն չսիրող է. «Ես միշտ փորձում էի այնպես անել, որ իմ անձնական կյանքին շատ անդրադարձ չլիներ, և չէի պատկերացնում, որ կարող եմ կյանքս կապել այս ոլորտի մարդու հետ, բայց այնպես ստացվեց, որ սիրելիս այս բնագավառից է»:  

Այս զույգի մասին ասեկոսեները շատ էին, նույնիսկ ասում էին, որ նրանք արդեն նշանադրված են: Այս թեմային անդրադառնալով՝ Արփին նշեց. «Ոչ, մենք նշանադրված չենք եղել, սա մեր առաջին պաշտոնական նշանադրությունն է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի