Qantas ավիաընկերությունը անվայրէջք չվերթի ռեկորդ է սահմանել


04:56 , 17 նոյեմբեր, 2019

Qantas ավստրալական ավիաընկերության ինքնաթիռն ամենաերկար անվայրէջք թռիչքն է կատարել պատմության մեջ՝ օդում անցկացնելով 19 ժամ 19 րոպե: Այդ մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղեկագրում:

Նախորդ ռեկորդը Qantas-ը սահմանել էր հոկտեմբերին. այն ժամանակ Boeing 787-9 ինքնաթիռը, որն առաջին անգամ անվայրէջք ավիաչվերթ էր կատարել Նյու Յորքից Սիդնեյ, օդում անցկացրել էր 19 ժամ 16 րոպե:

Boeing 787 Dreamliner ինքնաթիռը մեկնել է բրիտանական «Հոթրոու»-ից, անցել 10 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լեհաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ֆիլիպինների եւ Ինդոնեզիայի տարածքների վրայով եւ նոյեմբերի 15-ին վայրէջք կատարել Սիդնեյում:

Սա ընկերության կողմից պլանավորված երեք հետազոտական թռիչքներից երկրորդն է, որոնք նպատակ ունեն ուսումնասիրելու անձնակազմի եւ ուղեւորների վիճակը գերհեռավոր չվերթների ընթացքում: Նշվում է, որ ուղիղ թռիչքը թույլ է տալիս խնայել մոտավորապես երկու ժամ, որն ուղեւորները հարկադրված են ծախսել այժմյան մեկ կանգառով թռիչքների ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: