«Մարդը չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի, որ թքեն». Հրանտ Մաթևոսյանի 15 ոսկե մտքերը, որ պետք է կարդա յուրաքանչյուրը


18:30 , 16 նոյեմբեր, 2019

Հրանտ Մաթևոսյանն իր արձակ ստեղծագործություններով ու գրչով շատ անգամներ է ստիպել կարդացողին մտածել ու խորհել կյանքի շուրջ։ Առաջարկում ենք ծանոթանալ նրա ոսկե 15 մտքերին, որոնք պետք է կարդա յուրաքանչյուրը։

1. Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ 

2. Մարդ ու անասուն իրարից հիշողությամբ են ջոկվում, ես հիշողություն ունեմ:

3. Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ 

4. Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ 

5. Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է և ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։ 

6. Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։

7. Բայց խնդությունից պայթեցնող են իմ երեխայի անատամ ժպիտը, անհնչյուն ծղիրտը, աննպատակ խլրտոցը. դրանք մի ամբողջ երջանկություն են։

8. Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:

9. Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում:

10. Ես կարծես կարողանում եմ նկատել ու ուրախանալ «իմ արձակի» նոր նշույլներով։ Երեկվա, ցավալիորեն արդեն երեկվա պոետներից նույն ջանքն եմ պահանջում։

11. Մարդը չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան ու չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:

12. Որ էսքան կրքերից հետո մի սիրուն բնանկար գծվեր՝ գետի կամ դաշտի նկարագրություն, որ վերադարձ լիներ դեպի դասական պատմվածքի հունը։

13. Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:

14. Այս սիրելի-սարսափելի աշխարհում, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը` գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել:

15. Ինչու եմ գրո՞ւմ.որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են. երևի թե` այո, բայց ավելի շատ գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել: Սա պատասխա՞ն է: