Մոսկվայում սպանված բռնցքամարտիկը «օրենքով գող» «Մասիվցի Անդիկի» սպանության գործով որևէ կարգավիճակ չուներ. Armtimes.com


10:52 , 16 նոյեմբեր, 2019

Armtimes.com-ը գրում է.

Նախօրեին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ կարգավիճակ չուներ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է  ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները, կատարողի ինքնությունը»:

40-ամյա Բոլյանի դին հայտնաբերել են նրա իսկ մեքենայի կողքին՝ հրազենային վնասվածքներով: Նրա սպանությունից հետո հայկական մամուլում տեղեկություն տարածվեց, թե Անդրանիկ Հարությունյանի սպանության կազմակերպիչը Բոլյանն է:

Հիշեցնենք, որ «Մասիվցի Անդիկն սպանվել է հուլիսի 2-ին: Նրա սպանության համար որպես մեղադրյալ է ներգրավվել Ռուսաստանի Դաշնության Գրոզնի շրջանի 32-ամյա մի բնակիչ: Եվս մեկ անձ էլ, որը մեղադրվում է սպանությունն օժանդակելու մեջ, կալանավորված է: Դեպքից հետո ՀՀ այժմ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնել էր, որ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է, սակայն պատվիրատուի անունը մինչ այժմ մնում է անհայտ: