Թուրքիան սկսել է Կիպրոսի ափերի մոտ հորատումը՝ չնայած ԵՄ-ի պատժամիջոցների սպառնալիքին


18:00 , 15 նոյեմբեր, 2019

Թուրքիայի «Ֆաթիհ» հորատանավը սկսել է Կիպրոսի ափերի մոտ ածխաջրածինների հանքավայրերի երկրաբանական հետախուզումը՝ չնայած Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

«Ֆաթիհ» նավն ավարտել է հետախուզումը եւ հորատումը Թուրքիայի ափամերձ ծանծաղուտում եւ նախօրյակին ձեռնամուխ է եղել նոր առաքելության Կիպրոսի Կարպաս թերակղզուց հարավ»,- Օքթայի խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Նա հավելել է, որ Եվրամիության պատժամիջոցները չեն ազդի Միջերկրական ծովի արեւելյան մասում հանքավայրերի հետախուզման Անկարայի պլանների վրա:

Ավելի վաղ Կիպրոսի կառավարությունը վճռականորեն դատապարտել է ծովում Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու եւ ափամերձ ծանծաղուտի սահմաններում նոր հորատում կատարելու Թուրքիայի մտադրությունը: Նոյեմբերի 11-ին Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել սահմանափակիչ միջոցների շրջանակային գործիքին՝ ի պատասխան Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի չարտոնված հորատմանը:

Այդ շրջանակները թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ֆիզիկական կամ իրավական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Արեւելյան Միջերկրականում ածխաջրածինների չարտոնված հորատման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: