Բանակցությունների փակուղում գտնվելը կարող է մեծացնել պատերազմի վտանգը. Աղվան Վարդանյան


12:46 , 15 նոյեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Կարելի է ասել, որ այսօր բանակցությունները մտել են փակուղի։ Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում իշխանության քաղաքականությանը։

Ըստ Վարդանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասական են և որքան էլ պարոն Փաշինյանը հայտարարի, որ խնդրի կարգավորման քաղաքականությունն աննախադեպ է, միևնույնն է, արդեն արձանագրվել է նախկին դիրքերից զիջումներ։

«Այն ինչ կատարվում է բանակցային դաշտում, մտահոգիչ է»,- ասել է Վարդանյանը՝ ընդգծելով. «Ո՞րն է այդ քաղաքականությունը, ո՞րն է որ նույնական է Արցախի իշխանությունների հետ։ Այս բոլորը բավականին հակասական և իմպուլսիվ արձագանքներ են և, եթե մենք համադրենք մեկ տարի առաջվա հայտարարություններն այսօրվա հայտարարությունների հետ՝ հակասում են իրար։ Անհանգստացնում է, որ բանակցությունների փակուղում գտնվելը կարող է մեծացնել պատերազմի վտանգը, այն էլ՝ մեր հասարակության այսօրվա վիճակով»։