Երևանում վարորդական իրավունք չունեցող 26-ամյա աղջիկը Nissan-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է


13:02 , 15 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անուշ Ներսիսյանը իր վարած Nissan մակնիշի 36 AT 368 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում՝ թիվ 4 էլեկտրասյան մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ոսկանյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց է ուղեկցել Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Արտյոմ Սիմոնյանն ու տեսուչ Արմեն Գրիգորյանը, ովքեր Վ. Էվինյանի հանձնարարականով վարորդին հեռացրել են դեպքի վայրից, քանի որ այնտեղ էին ժամանել մահացածի հարազատները։

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ներսիսյանն աշխատում է «Կովկասյան խոհանոց» թոնրատանը՝ որպես մատուցողուհի, իսկ մահացածը Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի եղբայրն էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: