Կրակոցներ՝ Էջմիածնում. Սբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտ Mercedes-ը հայտնվել է կրակահերթի տակ, կա վիրավոր. Shamshyan.com


12:47 , 14 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանների մոտից, իսկ նշված վայրում հայտնաբերվել է Mercedes E320 մակնիշի 75 MM 070 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի բազմաթիվ հետքեր:

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: