Առավելապես խախտվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատության հետ կապված նորմերը


16:00 , 5 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Սահմանադրության տոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանն ասաց, որ մենք աշխարհում այն փոքրաթիվ ժողովուրդներից ենք, որ ունենք դարեր առաջ ձևավորված Սահմանադրության նախագիծ: Նա նշեց, որ 1777-1778 թվականներին հայ քաղաքական մտքի ձեռքբերումներից էր «Որոգայթ փառաց»-ը, որտեղ ամփոփված 521 հոդվածներն ընդգրկում էին Հայաստանի հասարակական-քաղաքական ոլորտը:

«Երբ եվրոպական շատ երկրներում գաղափար չունեին Սահմանադրության մասին, պետականություն չունեցող ժողովուրդը կերտեց իր Սահմանադրությունը, որն աչքի էր ընկնում խոսքի, խորհելու և գործելու ազատ իրավունքով»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար Շաթիրյանը, հավելեց, որ դեռևս Ք.ա. 4-րդ հազարամյակում Արիստոտելի կողմից ստեղծվեց պետական իշխանության հետ կապված մոդել, որը ինքնին նման էր Սահմանադրությանը: Հայաստանում առաջինը Վաչագան Բարեպաշտի կողմից մշակվեց Սահմանադրությունը, որն իր մեջ ավելի շատ հոգևոր ուղղվածություն ուներ: Բանախոսի հավաստմամբ՝ այսօրվա մեր Սահմանադրությունը արժեքաբանական-իրավական փաստաթուղթ է, որի իրավական կողմն այսօր մարդիկ այնքան էլ լավ չեն հասկանում. «Առավելապես խախտվում են մարդու իրավունքների և ազատության հետ կապված երկրորդ գլխում սահմանված նորմերը: Դրանք հիմնականում խախտվում են իշխանության գործադիր մարմինների կողմից»:

Բանախոսի հավաստմամբ՝ Սահմանադրությամբ ամրագրված այն հոդվածը, որ իշխանությունը ժողովրդինն է, մեզանում այնքան էլ լավ չի հասկացվում. «Մենք ոչ թե ժողովրդավարական երկիր ենք, այլ այդպիսի նպատակ ունենք: Մեր քաղաքական մշակույթը սաղմնային վիճակում է, ցածր է իրավական մտածելակերպի մակարդակը»:

Պրն Շաթիրյանն ասաց նաև, որ 2005 թվականին Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ, և դրանցից ամենակարևորը մարդու արժանապատվության ամրագրումն էր. «Սահմանադրության փոփոխությունները երբեք չպետք է ինքնանպատակ լինեն կամ ծառայեցվեն այս կամ այն քաղաքական շահին: Դրանք պետք է բխեն հասարակական շահից և ծառայեն հասարակությանը»,- ամփոփեց նա: