«Մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել»


15:17 , 5 հուլիս, 2013

Aysor.am-ը գրում է.

29-ամյա Տաթևիկ Նիկողոսյանն այս պահին կյանքի ու մահվան միջև կռիվ է տալիս. ամուսինը դանակով 25 հարված է հասցրել Տաթևի մարմնի տարբեր հատվածներին, 2 տեղից խորը վնասվել է սիրտը, թոքերը բազմակի վնասվածքներ են ստացել, նույն վիճակում է նաև լիարդը: Այս մասին հայտնում է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը:

«Ապաքինվելու համար դեռ երկար ժամանակ պետք է անցնի, հիմա վերակենդանացման բաժանմունքում է»,-ասում է Տաթևիկի բժիշկը, Մալաթիա բուժկենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:

Բժիշկները Տաթևի մորն ասել են` բախտավոր աստղի տակ է ծնվել աղջիկը, մի փոքր ուշ տանեին հիվանդանոց, չէին կարողանա կյանքը փրկել: Մինչդեռ բախտավոր աստղի տակ ծնված այս կինը 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում պարբերաբար դաժան ծեծի է ենթարկվել: Ամուսնությունից մեկ տարի հետո Տաթևի ամուսինը` Տիգրան Համբարձումյանը, կնոջն արգելել է շփվել մոր և քրոջ հետ՝ պատճառաբանելով, թե իբր չի սիրում, երբ զոքանչը փեսայի տուն է գնում: «Ես էլ ասեցի, դե ոչինչ, իրանք լավ լինեն իրար հետ, ես էլ չեմ գնա աղջկաս տուն, չեմ զանգի», -պատմում է Տաթևի մայրը` Թագուհի Մանուկյանը: Մոտ 10 տարի դստեր հետ ոչ մի առնչություն չունենալով տիկին Թագուհու մտքով չէր էլ անցնում, թե աղջիկն ինչ տեսակի բռնությունների է ենթարկվել, ու չի համարձակվել հարազատներին տեղյակ պահել: «Ես ծանոթներից էի տեղեկանում ոնց ա Տաթոն, մեկ-մեկ գալիս էր Մալաթիայի տոնավաճառ` ամուսնու մոտ, հեռվից նայում էի, տեսնում, որ լավ ա»,-ասում է տիկին Թագուհին:

Արդեն հետո, երբ քույրը որոշել է գաղտնի շփվել Տաթևի հետ, պարզվել է, որ ամեն մի չնչին պատճառով Տիգրանը ծեծել է քրոջը: «Մի անգամ էլի թաքուն գնացել էի Տաթոյենց տուն, մեկ էլ պատահական սկեսուրը եկավ տղու տուն, ես մտա մահճակալի տակ, թաքնվեցի, բայց երեխայիս նույն մահճակալին տեսավ քնած: Ճիշտ է, ինձ չտեսավ, բայց արդեն հասկացան, որ ես գնում-գալիս եմ: Իմ էդ գնալուց հետո Տիկոն Տաթոյին կապրոնի խողովակով նենց էր ծեծել, ամբողջ մարմինը կապտել էր»:

Մեր այս զրույցին միջամտեց Տաթևիկի 7-ամյա դուստրը ու պատմեց, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա, խնդրում եմ, մի արա, Տիգրանը սթափվել է ու չի վնասել:

«Մեզ ուղարկում էր քնելու ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել», -պատմում է Տաթևիկի 10-ամյա որդին` Հովհաննեսը:

Տիկին Թագուհու պատմելով էլ, ամուսինը Տաթևի ձեռքերն է այրել տաք պտուտակահանով, միայն այն բանի համար, որ տանը «կողքի» դրած գումարով կենցաղային մի քանի իր է գնել. «Ախր ո՞ր մեկը պատմեմ, մի անգամ էլ հարբած նենց ա ծեծել աղջկաս, որ աչքն ուռել էր ու փակվել, էդ մի սարսափելի տեսարան էր: Էն էլ ծեծել ա նրա համար, ինչ ա թե առանց ամուսնուն ասելու երեխայի հետ գնացել ա գրախանութ՝ տետր առնելու: Էդ ծեծից հետո աղջիկս զանգեց ասեց` մամա էլ չեմ դիմանում, վախենում եմ, ուզում եմ էրեխեքի հետ գամ ձեր մոտ: Ու թե մինչև էդ ինչքան ասում էր` ուզում եմ բաժանվեմ, ասում էի` չէ, մի բաժանվի, էս անգամ ասեցի` արի: Մեր նոր տան տեղը Տիկոն չգիտեր, ու 2 շաբաթ աղջիկս խաղաղ ապրեց, բայց հետո ինձ հետևեց, տան տեղն իմացավ, եկավ համոզեց Տաթոյին, հետ տարավ, խոստացավ, որ լավ կլինի: Բայց ի՞նչ լավ լինել, էլի նույն ծեծն ու ջարդը: Իրա ծնունդի օրը Տիկոն նենց էր ծեծել Տաթոյին, որ բժիշկն ասել էր` աղջիկ ջան էս տրակտո՞ր ա անցել վրայովդ: Էդ անգամ ոստիկանություն էինք կանչել, բայց գործ չհարուցվեց»:

Դանակահարությունից առաջ, մոտ երկու ամիս Տաթևիկ Նիկողոսյանը երեխաների հետ բնակվել է մոր բնակարանում, այդ ընթացքում ամուսինը այցելում էր երեխաներին, շփվում զոքանչի ու կնոջ հետ ու կրկին խոստանում` փոխվելու է, միայն թե նորից միանան:

«Տիկոն միշտ ասում էր` Տաթո երանի գաս ասես` Տիկո ես քո գերին եմ, ինչ ուզում ես արա, ուզում ես` մորթի: Տաթոն ասում էր` Տիկո դու փոխվողը չես, արի բաժանվենք, նա էլ ասում էր` կմորթեմ իմը չլինես»,- պատմում է տիկին Թագուհին: Տաթևիկը նորից համաձայնվել էր հանուն երեխաների, մի անգամ էլ ներել ամուսնուն և արդեն որոշել էր` վերադառանալու է ամուսնու մոտ:

Տաթևի մոր փոխանցմամբ` «հունիսի 20-ին Տիկոն մեր տանն էր, իրար հետ կատակներ էին անում, կողքից մեկը որ տեսներ, կմտածեր` սրանց նման երջանիկ ընտանիք չկա: Բայց տղուն` Հովոյին, տարավ մոր տուն, հետո աղջկան` Անիին, գողացավ-տարավ ու հետ չբերեց. այդպես արեց, որ Տաթոն ստիպված վերադառնա: Հետո մենք գնացինք գյուղից երեխեքին գողացանք, բերեցինք. էրեխեքն իրենք էին զանգել ու աղաչում էին մորը, որ գնար իրենց հետ բերեր»:

Հունիսի 28-ին լրատվամիջոցներով տարածվեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսինը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. Տաթևիկն էր: Դեպքից մի քանի օր առաջ ամուսինը՝ կնոջ բնակության վայրում պարբերաբար շրջել է և սպասել հարմար պահի: Տիկին Թագուհու պատմելով, թեև իրենք չեն տեսել, բայց հարևաններն այդ երիտասարդին մի քանի անգամ նկատել են շենքի մոտ. «Մի անգամ պատուհանից նայեցինք, տեսանք Տիկոն ձեռով Տաթոյին ցույց ա տալիս` իբր կոկորդդ կկտրեմ: Էրեխես ահավոր վախեցել էր, տանից դուրս չէր գալիս, էրեխեքին էլ չէինք թողնում»:

Չմտածելով, որ ամուսինն իրեն հետևում է, Տաթևիկը քրոջ հետ հունիսի 28-ին երեկոյան խանութից վերադառնալիս` շենքի մոտ անակնկալի է եկել. հենց աստիճանների վրա, նախապես անջատելով մուտքի լույսը, Տիգրան Համբարձումյանը, դանակով անընհդհատ հարվածելով ու կնոջ մազերից բռնած քարշ տալով, փորձել է աստիճաններից ներքև իջեցնել: Քրոջ ու հարևանների միջամտությունից հետո Տիգրանը փախել է:

«Երկու օր է աստիճանների արյունը լվանում են, չի անցնում: Աղջիկս արյան մեջ կորել էր, խեղճ էրեխեքն էլ իրենց մորը տենց արնաշաղախ տեսան, նե՜նց էին վախեցել: Տիկոն վերջն իրա ուզածին հասավ: Հիվանդանոցից ջղայնացած զանգեցի դրան, դա էլ կատաղած ասեց` ձեզ էլ եմ հասնելու»,-պատմում է Տաթևի մայրը: Զոքանչին ու քենուն կհասնի, թե ոչ՝ պարզ չէ, բայց Տ.Համբարձումյանը նույն օրն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին»:

Տաթևիկի ամուսնու կատմամբ խափանման միջոց է կիրառվել` երկու ամսվա կալանք: Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 34 և 104 հոդվածի հատկանիշներով` սպանության փորձ: Տաթևիկի մոր վկայությամբ` ամուսինը պարբերաբար հոգեմետ միջոցներ և ալկոհոլ է օգտագործել, սակայն արդյոք դեպքի օրը մեղադրյալը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել պարզ կլինի փորձաքննության եզրակացության առկայությամբ: