14:43 , 5 հուլիս, 2013![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Երբ նախորդ շաբաթ նախագահը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ասաց, թե Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ականների վարքագծին առանձին կանդրադառնա առաջիկայում, բոլորին պարզ դարձավ, որ քննարկմանը հաջորդող ԳՄ նիստում բավականին «ծանր խոսակցություն» է սպասվում:
Ճիշտ է՝ ԳՄ-ից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀԿ մամուլի խոսնակը ակնարկեց, որ անդրադարձ եղել է վերոնշյալ թեմային, սակայն փակագծերն այդպես էլ չբացեց: Իրականում, առանց հավելյալ տեղեկատվության էլ կարելի է կռահել, թե ինչ է տեղի ունեցել փակ դռների հետևում:
Հենց միայն այն հանգամանքը, որ ՎՊ նախագահի հաշվետվությունը նման ռեզոնանս առաջացրեց խորհրդարանում, իսկ դրա նկատմամբ արձագանքները նույն ՀՀԿ խմբակցության ներսում շատ դեպքերում նույնիսկ ծայրահեղ տարբերվում էին միմյանցից, ցույց է տալիս, որ կա՛մ ՀՀԿ-ի ներսում ոչ բոլորն են հստակ պատկերացնում ընդհանուր պրոցեսների տրամաբանությունը, կա՛մ գործում են ոչ թե կուսակցության, այլ սեփական ամբիցիաների շրջանակներում:
Տվյալ իրավիճակում առաջին հարցը, որ առաջ է գալիս, հետևյալն է. ինչո՞ւ այս և նմանատիպ հարցերը օրենսդիր-գործադիր մարմինների մակարդակում քաղաքական լուծում չեն ստանում, ինչին ստիպված է լինում անդրադառնալ երկրի նախագահը: Խորհրդարանն ինքը որպես քաղաքական մարմին չպետք է թույլ տա, որ երկրի ղեկավարը միջամտի, հակառակ դեպքում ստացվում է, որ խորհրդարանն այնքան անկարող է լուծում գտնել խնդիրներին, որ գործին ստիպված միջամտում է նախագահը:
Ցավալիորեն պետք է փաստել, որ այս ամենի հիմնական պատճառներից մեկն այն է, որ պետական բարձր պաշտոններում արդեն երկու տասնամյակ է պաշտոնավարում են մարդիկ, որոնց մի մասն իրականում խորությամբ չի պատկերացնում ո՛չ քաղաքական պրոցեսների տրամաբանությունը և ո՛չ էլ սեփական դերակատարությունը կոնկրետ պաշտոնում. կարճ ասած` շատ պաշտոնյաներ իրենց տեղում չեն, իսկ համակարգը բնականոն ընթացք կստանա այն ժամանակ, երբ համակարգային փոփոխությունների շրջանակներում անդրադարձ կատարվի նաև կադրային քաղաքականությանը:
Ի վերջո, իշխանությունն ինքը պետք է գիտակցի, որ այս կադրերով անհնար է ոչ միայն լուրջ բարեփոխումներ իրականացնել, այլև համակարգի ընթացքը «ռելսերի» վրա դնել, որովհետև առանձնապես տարբերություն չկա, թե վարորդական իրավունք չունեցողը ռուսական «Ժիգուլի» կվարի, թե գերմանական «Մերսեդես»:
Եթե իսկապես իշխանությունները փոփոխությունների են ձգտում, ապա դա պետք է սկսեն ներսից: Առաջիկա աշնանը տեղի ունենալիք իրադարձությունները ցույց կտան, թե իրականում ինչ ուղղություն կբռնի իշխանությունը: