Իրանի ու Վրաստանի հետ մեր ունեցած կիսափակ սահմանները՝ կիսահաշվարկով արված հայտարարություն


10:40 , 13 նոյեմբեր, 2019

Փարիզի խաղաղության ֆորումի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած այս միտքը խնդրահարույց է ոչ միայն «կիսափակ սահման» տերմինի բովանդակության տեսանկյունից, այլ «կիսափակ» սահմաններով բարեկամներ Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունների համատեքստում:

Պարզապես հետաքրքիր է՝ գիտակցվա՞ծ է առաջին դեմքը մեր երկրի՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության ուղիներին այդօրինակ որակում տալիս այն դեպքում, երբ խոսքն առաջին հերթին բարեկամ երկրների մասին է, երբ տնտեսական բնականոն գործունեությունդ ուղղակի իրականացվում է այդ «կիսափակ» սահմաններով, երբ այդ երկու երկրներից առնվազն մեկի համար տարիների կտրվածքով եղել ես կայուն գործընկերոջ ընկալումներում և այլն, և այլն…

Իհարկե, կարելի է ենթադրել, և վստահ եմ՝ կհնչեն տարատեսակ բացատրություններ, որ կիսափակ սահմանների ներքո ի նկատի են առնվել այսինչ-այսինչ գործոնները, ասվել է եվրոպական հանրության համար և այլ այդ ոճի մեջ արդեն ծանոթ թեզեր, սակայն երկրի առաջին դեմքի կողմից տերմինի սխալ գործածումն առնվազն կոռեկտ չէ, այս դեպքում՝ նաև ոչ ազնիվ գործընկեր երկրների նկատմամբ:

Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը տարբեր հարթակներում այդ պահին հնարավոր հաճո հայտարարություններով քաղաքական առևտուրը չէ: