Մատնահետքերը կմատնեն այն հիվանդներին, որոնք չեն ընդունում նշանակված դեղամիջոցները


23:00 , 12 նոյեմբեր, 2019

Բժիշկները հնարավորություն կունենան մատնահետքերով պարզել, թե արդյոք հիվանդն ընդունում է նրան նշանակված դեղերը, գրում է The Telegraph-ը:

Այս տեխնոլոգիան մշակվել է Սուրեյի համալսարանի բրիտանացի գիտնականների կողմից:

Նոր մեթոդի էությունը քիմիական նյութերի հետքեր հայտնաբերելն է, որոնց հետ հիվանդը շփվել է օրվա ընթացքում: Այն արդյունավետ է աշխատում նույնիսկ այն բանից հետո, երբ հիվանդը մանրակրկիտ լվանում է ձեռքերը:

Մեթոդի արդյունավետությունը գիտնականները փորձարկել են բրիտանական նարկոլոգիական կլինիկայի հիվանդների վրա: Նրանցից տասից, որոնք խոստովանել են, որ հերոին են ընդունել որոշ ժամանակ առաջ, փորձագետները մատնահետքեր են վերցրել: Նույն ընթացակարգն են անցել ևս 50 կամավորներ, որոնք կամ ընդհանրապես չէին դիպչել թմրանյութին, կամ պարզապես այն պահել էին ձեռքում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ նույնիսկ ձեռքերը լվանալուց հետո հնարավոր է որոշել, թե ով է թմրանյութեր օգտագործել: Հնարավոր է նաև պարզել, թե ով է այն պարզապես պահել ձեռքում կամ ձեռքով բարևել այն անձին, որը շփվել է թմրանյութի հետ:

Ապագայում այս եղանակով բժիշկները կկարողանան պարզել, թե արդյոք իրենց հիվանդները ընդունում են իրենց նշանակած դեղերը, քանի որ որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հիվանդների միայն 50%-ն է ընդունում երկարաժամկետ նշանակված դեղամիջոցները: