Google-ը աշխատում է անձնական բժշկական տվյալների հավաքման գաղտնի նախագծի վրա. WSJ


20:00 , 12 նոյեմբեր, 2019

Ամերիկյան Google կորպորացիան ԱՄՆ առողջապահական Ascension համակարգի հետ միասին սկսել է 21 նահանգների բնակիչների առողջական վիճակի մասին տվյալների հավաքման «գաղտնի նախագծի» աշխատանքները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ինչպես նշվում է, Google-ը և Ascension-ը միավորվել են դեռ անցյալ տարի:

Nightingale Project անվանումով ծրագիրն օգտագործում է լաբորատոր տվյալները, հիվանդների անուններով և ծննդյան ամսաթվերով ամբողջական բժշկական պատմությունը, հոսպիտալացման վերաբերյալ գրառումները և ախտորոշումները:

Այս տեղեկատվությամբ Google-ը մտադիր է նոր ծրագրային ապահովում մշակել, որը կարող է հիվանդներին անհատական բուժման կուրսեր առաջարկել:

Ըստ պարբերականի՝ կորպորացիան բժիշկներին և հիվանդներին չի ծանուցել այդ տեղեկատվության փոխանցման մասին:

Հայտնի է, որ ԱՄՆ օրենսդրությունը թույլ է տալիս հիվանդանոցներին նմանատիպ տեղեկատվությունը փոխանցել իրենց գործընկերներին՝ առանց հիվանդների համաձայնության, եթե դա կօգնի լիարժեք կատարել բժշկական աշխատանքը: