Թե՛ Նիկոլը և թե՛ Արայիկն ընդամենը քաղցկեղի սիմպտոմներ են. սիմպտոմները չեղարկել փորձելիս մարդ իրավունք չունի մոռանալու բուն հիվանդության մասին


10:32 , 12 նոյեմբեր, 2019

Մինչև իմ անձնական կարծիքը հայտնեմ Արայիկ Հարությունյանի շուրջ ծավալվող պրոցեսի վերաբերյալ, ուզում եմ՝ մի քանի ելակետային փաստեր վերհիշենք:

Հայաստանում արգելված է կառուցել ազգային պետություն: Դա արգելված է սահմանադրությամբ, և պետության քաղաքականությունը բոլոր ոլորտներում համապատասխանեցված է այդ հրամայականին` անվտանգությունից ու տնտեսությունից մինչև սոցապ ու կրթություն:

Հայաստանում, ըստ սահմանադրության, գերագույն արժեքը մարդն է, ոչ թե սոցումը, ցեղը կամ ընտանիքը: Մարդ է համարվում թե´ հնդիկը, թե´ թուրքը, թե´ տրանսը և թե´ «ոչխարը»: Այս սահմանադրությունը և իրենից բխող ենթաօրենսդրական ակտերը, պետկառավարման մոդելը և այլ ուղենիշներ մեզ թելադրվել են դրսից, մասնավորապես՝ արևմուտքից: Էդ թելադրությունները գրելու դիմաց մեզ վարկեր ու գրանտներ են տվել: Մենք էլ վերցրել ենք՝ մտածելով, որ, դե, մեկ ա մեզ մոտ էդ եվրոպական ամեն ինչը ժողովուրդը չի ընդունի, մտածելով, որ բանավոր եվրոպացի կհռչակենք մեզ, իսկ փաստացի կմնանք հայ:

Չստացվեց: Տասնամյակների աշխատանքի արդյունքում միջին հայը դարձավ զրպարտող, անպատասխանատու, անդեմ ու անհասկանալի կերպար: Այդ միջին հայը իր միջից ընտրեց միջինացված կառավարություն՝ ի դեմս միջին հային լիովին արտացոլող Նիկոլ Փաշինյանի: Փաշինյանը, ինչպես և բոլոր նախկինները, փորձում է թելադրություն գրել ու դրա դիմաց խրախուսում ստանալ ուսուցչի կողմից: Ստամբուլյանը, տրանսները, հակազգային քաղաքականությունը այդ խրախուսումը ստանալու դիմաց գրված թելադրություններ են:

Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ նախ՝ իրեն թելադրողներն են իրեն իշխանության բերել, և ինչն ավելի կարևոր է, Հայաստանում արգելված է անել այլ բան, քան այն, ինչը քեզ թելադրում են: Կրկնում եմ` ՀՀ Սահմանադրությունն արգելում է ստեղծել ազգային պետություն: ՀՀ Սահմանադրությունը արգելում է ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը հռչակել գերակայություն: Ժողովրդագրական տվյալները հնարավոր է բարելավել միայն անձնական շահի զեղչմամբ, ինչը արգելված է, որովհետև մարդն է, անձն է բարձրագույն արժեք: Չի կարելի չեղարկել անձի որևէ շահ կամ իրավունք հանուն ընդհանուրի: Ընդհանուրը սոցիումն է, ընդհանուրը սոցիալիզմն է, իսկ անհատը, անձը՝ կապիտալիզմը:

Ըստ այդմ, թե´ Նիկոլը և թե´ Արայիկը ընդամենը քաղցկեղի սիմպտոմներ են: Ուրիշ հարց, որ շատ տհաճ սիմպտոմներ են, սիմպտոմներ, որոնց չեղարկումը կարող է թեթևացնել ցավերը, բայց չի կարող բուժել: Սիմպտոմները չեղարկել փորձելիս մարդ իրավունք չունի մոռանալու բուն հիվանդության մասին: Քաղցկեղից տառապող, բայց միայն դրա սիմպտոմների դեմ պայքարող մարդը հավասարազոր է ինքնասպանի:

Պետք է ու կարելի է չեղարկել սիմպտոմները: Սիմպտոմների չեղարկումը կարող է ուժ ու եռանդ տալ պայքարել բուն հիվանդության դեմ, բայց միայն ու միայն հիվանդության դեմ պայքարելու համար է պետք դա անել, այլապես միայն սիմպտոմների դեմ պայքարն ինքնասպանություն է:

Ինձ համար հարցն էս կամ ցանկացած այլ նմանատիպ ակցիայի դեպքում հետևյալն է՝ դուք պատրա՞ստ եք քիմիաթերապիայի, թե՞ զուտ ջերմությունն եք ուզում իջեցնել... մի կես ժամով:

Ու նկատի ունեցեք երկու բան․ էսօրվա միջին ՀՀ քաղաքացուն ազգային պետություն պետք չէ, նրան այֆոն է պետք, իսկ դրսից ազգային պետություն ստեղծելու համար ոչ մեկ գրանտ ու վարկ չի տալու: ՈՉ ՄԵԿ:

Հ.Գ. Եթե այս տեքստն ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանք երազել են 500 հատ 30 կիլոյանոց կուբիկներով բարձված Կամազ դատարկել, թող պլյուս դնեն մեկնաբանություններում: Ես պատրաստ եմ այդ մարդկանց երազանքը մեծահոգաբար իրականացնել: *գովազդային ընդմիջում*