Թոշակառու կինը հաղթել է բիկինիով լավագույն կազմվածքի մրցույթում, հաղորդում է Daily Mail-ը:
ԱՄՆ Նեվադա նահանգից Մարիա Քրիստինան քսան տարի շարունակ պատասխանատու պաշտոն է զբաղեցրել քոլեջում: Տարիների ընթացքում նա նկատել է, որ դառնում է «ավելի ծանր, դանդաղ և նյարդային», քանի որ նրա համար կարիերան առաջնային էր դարձել առողջությունից:
69 տարեկան հասակում ամերիկուհին թոշակի է անցել և իր կյանքում առաջին անգամ որոշել է սպորտով զբաղվել: Անհատական մարզչի հսկողության ներքո նա շաբաթական երեք անգամ ֆիզիկական վարժություններ էր կատարում, ինչպես նաև ամեն առավոտ 45-60 րոպե էր տրամադրում կարդիո-ծանրաբեռնվածությանը:
73 տարեկան հասակում Քրիստինան այնպիսի մարզավիճակում էր, որը նրան թույլ տվեց մասնակցել Լաս Վեգասում անցկացվող ICN Las Vegas Open Fitness and Model Championships ամենագեղեցիկ մարմնի մրցույթին: Կինը գրավեց առաջին տեղը, չնայած այն բանին, որ շատ մրցակիցներ իրենից երկու անգամ ավելի երիտասարդ էին: Ավելի վաղ նա արդեն հաղթել էր վեց International Natural Bodybuilding Association միջազգային մրցույթներում:
«Ֆիթնեսի մրցումներում, որոնց ես նույնպես մասնակցում եմ, հաճախ եմ տեսնում 80-ամյա տղամարդկանց: Բայց կանայք 50-ից հետո հանձնվում են: Հուսով եմ, որ կտեսնեն ինձ, ով պայքարում է 73 տարեկանում, և կգիտակցեն, որ դա հնարավոր է», – ասել է Քրիստինան: