Ավստրալացիները երկու անգամ ջեքփոթ են շահել՝ սխալի պատճառով


19:15 , 11 նոյեմբեր, 2019

Հարավային Ավստրալիայից երկու ընկերներ պատահաբար երկու անգամ ջեքփոթ են շահել, հաղորդում է Daily Mail-ը:

Երկու տղամարդիկ, որոնք միասին էին աշխատում, տարիներ շարունակ վիճակախաղի են մասնակցել: Տղամարդիկ հերթով տոմսեր են գնել՝ շահումը հավասարապես բաժանելու պայմանով:

Վերջին անգամ ընկերները շփոթել են իրենց տոմս գնելու հերթը, և երկուսն էլ միաժամանակ վիճակախաղի տոմս են գնել: Երջանիկ պատահականությամբ հենց նրանց թվային համադրությունն է ջեք փոթ շահել:

Քանի որ ընկերները նույն համարներով տոմսեր էին գնել՝ նրանցից յուրաքանչյուրը 1.67 միլիոն ավստրալական դոլար կստանա:

Հաղթողներն իրավիճակը հումորով են մեկնաբանել: Նրանք նշել են, որ եթե մարդիկ անձամբ ճանաչեին իրենց, ապա կհասկանային, որ «շատ ավելի հավանական սցենարն այն է, որ իրենց համարները հանվեր թմբուկից, երբ նրանք մոռացել էին վիճակախաղի տոմս գնել»:

Վիճակախաղի հաղթողները ծրագրում են լքել աշխատանքը և հանգստանալ: