Տղամարդը ժամադրության ընթացքում ֆուտբոլ դիտելու «հանճարեղ» մեթոդ է գտել


17:22 , 11 նոյեմբեր, 2019

Բրիտանացի երկրպագուին հաջողվել է աննկատ ֆուտբոլ դիտել ժամադրության ժամանակ, հաղորդում է The Sun-ը:

Պարբերականի համաձայն՝ մինչ զույգը ժամանակ էր անցկացնում ռեստորանում, տղամարդը հետևում էր Շոտլանդիայի առաջնության «Լիվինգսթոն»-«Գլազգո Ռենջերս» հանդիպմանը: Նա հեռախոսը թաքցրել էր սեղանին դրված կեպիի տակ: Աղջիկը նստած էր հակառակ կողմում և չէր կարող նկատել սարքը:

Զույգին լուսանկարած տղամարդն ասել է, որ երկրպագուին ավելի շատ հետաքրքրում էր ֆուտբոլային հանդիպումը, քան աղջկա հետ շփումը: «Բայց տղան ազնիվ էր խաղում. համարձակ և, կարելի է ասել, հանճարեղ»,- նշել է նա: Twitter-ի օգտատերերը նույնպես գնահատել են երկրպագուի հնարքը՝ համարելով այն «խորամանկ և արժանի ծափահարությունների»:

Հանդիպումն ավարտվել է «Գլազգո Ռենջերս»-ի հաղթանակով՝ 2:0: