Ինչպե՞ս է Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե նախարարը պատրաստվում է հանել այն բուհական պարտադիր ծրագրերից


13:43 , 11 նոյեմբեր, 2019

Նիկոլ Փաշինյանի այս կառավարության ծրագիրն եմ նայում, «Կրթությունը և գիտությունը» բաժնում գրված է.

«Ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

Հիմա հարց. ինչպե՞ս է ՀՀ Կառավարությունը պատրաստվում հայերենը գիտության լեզու դարձնել, եթե Արայիկ Հարությունյանը պատրաստվում է դուրս բերել այն բուհական պարտադիր կրթական ծրագրերից։ Չլինի՞, թե ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը մտածում են, որ դպրոցներում պիտի կարողանան հայերենը ժամանակակից գիտության լեզու դարձնել։

Ամեն պատեհ և անպատեհ առիթով Փաշինյանը հայտարարում է, թե ինքն է ժողովուրդը, որովհետև ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության ղեկավարն է։ Հիմա թող բացի իր իսկ Կառավարության ծրագիրը և կարդա, թե ինչ է այնտեղ գրված եղել, ինչ խոստումներ են տվել։ Հնարավոր է՝ այդպես հասկանա, որ այն, ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է։