Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը


11:06 , 11 նոյեմբեր, 2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով` 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման նոր կարգը: Հրամանի համաձայն` փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերի դպրոցների այն ուսուցիչներին և աշակերտներին, որոնք աշխատելու կամ սովորելու համար մի բնակավայրից մյուսն են երթևեկում:

Ըստ այդմ՝ 2020 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման նպատակով 3,5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու. գալիք տարվա համար  նախատեսված է 276 մլն դրամ  2019 թվականի 79 մլն դրամի փոխարեն` ընդգրկելով բոլոր մարզերը (նախկինում ընդգրկված էր միայն 7 մարզ)։

Փոխհատուցում տրամադրվում է.

Փոխհատուցման առավելագույն չափը տվյալ տարվա համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հրապարակած միջմարզային և միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականն է: Դրանց բացակայության դեպքում հիմք է ընդունվելու 200 դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում դրան ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ուսումնական հաստատությունը փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը՝ հիմնավորումներով և հաշվարկներով (մինչև սեպտեմբերի 20-ը` առաջին կիսամյակի համար, մինչև հունվարի 20-ը` երկրորդ կիսամյակի համար) ներկայացնում է դպրոցի կառավարման լիազոր մարմին՝  մարզպետարաններ կամ ԿԳՄՍ նախարարություն (նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների համար)։ Դրանից հետո ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մարզպետարաններին` իրենց ենթակայությամբ գործող հաստատությունների հետ ստորագրել պայմանագրեր` ամեն ամիս ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ: