Իրանում սկսվել է «Բուշեհր» ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ


00:30 , 11 նոյեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է․

Նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Իրանի գործընկերության պատմության մեջ. կիրակի իրանական հողում ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ սկսվել է «Բուշեհր» ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շինարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին։

Հանդիսավոր պայմաններում «Բուշեհր» ԱԷԿ երկրորդ բլոկի պաշտոնական շինարարության մեկնարկը տվել են Իրանի փոխնախագահ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին եւ «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։

«Բուշեհր» ԱԷԿ էներգաբլոկների կառուցումը համարվում է ռուս-իրանական խոշոր նախագիծ։ 2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանը եւ Իրանը ստորագրեցին պայմանագիր «Բուշեհր» ԱԷԿ երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների («Բուշեհր-2» նախագիծ) կառուցման մասին, վերջնական հանձնման պայմաններով։ «Բուշեհր-2» նախագծի մեկնարկի արարողությունը տեղի ունեցավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին։ 2-րդ եւ 3-րդ էներգաբլոկներում աշխատելու են ռուսական ջրա-ջրային էներգետիկ ռեակտոր-1000 ռեակտորային սարքեր, որոնք համապատասխանում են անվտանգության ամենաբարձր պահանջներին։ Երկու նոր բլոկների ընդհանուր հզորությունը 2,1 հազար ՄՎտ է։ «Բուշեհր-2» նախագծի իրականացումը, ինչպես սպասվում է, կտեւի 10 տարի։

«Բուշեհր» ԱԷԿ առաջին բլոկը՝ ՋՋԷՌ-1000 ռեակտորային սարքով, միացվել է Իրանի ազգային էներգահամակարգին 2011 թվականի սեպտեմբերին։ 2016-ի ապրիլին բլոկը վերջնականապես հանձնվել է Իրանին՝ շահագործման, դա բլոկի շինարարության պաշտոնական ավարտն էր։ Միեւնույն ժամանակ, «Ռոսատոմ» պետկորպորացիան իր պարտավորությունների շրջանակում շարունակում է սպասարկել բլոկը եւ այն միջուկային վառելիքով ապահովելը։