Իրանը պատրաստ է իր միջուկային փորձը կիսել Պարսից ծոցի երկրների հետ


23:15 , 10 նոյեմբեր, 2019

Թեհրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ կիսել միջուկային արդյունաբերության ոլորտում ունեցած իր փորձը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (OAEI) ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ «Բուշեր» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ:

«Մենք պատրաստ ենք մեր փորձը կիսել Պարսից ծոցի երկրների հետ»,- մեջբերում է նրան Fars-ը:

Սալեհին նաև «շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին և պետությանը՝ Իրանին ատոմային արդյունաբերության զարգացման գործում օգնելու համար»:

«Ռուսաստանի հետ (համագործակցությունը) մեզ առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության հնարավորություն ընձեռեց, և «Բուշեր» կայանը խորհրդանշում է այդ անկեղծ համագործակցությունը»,- հավելել է նա:

Կիրակի օրը Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի օպերատիվ կառավարման գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լոկշինը խորհրդանշական բետոնե խորանարդներ են փոխանակել՝ ի նշան «Բուշեր» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկի: