Ռեժիսոր Պոլանսկին հերքել է ֆրանսիացի դերասանուհու բռնաբարության մեղադրանքները


22:15 , 10 նոյեմբեր, 2019

Ռեժիսոր Ռոման Պոլանսկին հերքում է պնդումները, որ նա, ավելի քան 40 տարի առաջ, բռնաբարել է 18-ամյա ֆրանսիացի դերասանուհի Վալենտին Մոնիեին, գրում է Le Monde թերթը՝ հղում անելով ռեժիսորի փաստաբան Էրվե Թեմիմին:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 8-ին Le Parisien պարբերականում հոդված է հրապարակվել, որում Մոնիեին մեղադրել է Պոլանսկուն 1975 թ.-ին իրեն ծեծելու և բռնաբարելու մեջ:

Ի պատասխան Թեմիմը հայտարարել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում, որ այդ հրապարակումը իրավական շարունակություն ստանա:

Նա շեշտել է, որ, 45 տարվա ընթացքում, ենթադրյալ իրադարձությունը տեղի ունենալուց ի վեր, այս մեղադրանքի մասին «Պոլանսկին չի տեղեկացվել», ինչն անհնար է դարձնում քննության համար անհրաժեշտ փաստերի հավաքումը: