Գերմանիան 95 տոկոս դեպքերում մերժում է ՀՀ քաղաքացիների ապաստան ստանալու դիմումները


20:12 , 10 նոյեմբեր, 2019

168.am-ը գրում է․

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ

– 2018-ից Եվրոպայից հայերի արտաքսման գործընթացի ակտիվացում նկատվեց, ինչը պայմանավորվում էր Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով: Իհարկե, կան նաև այլ պատճառներ, կխնդրեի անդրադառնալ դրանց, ինչպես նաև՝ արտաքսվածների թվին, և, թե եվրոպական ո՞ր երկիրն է այս առումով աչքի ընկնում:

– Դեպորտի կամ հարկադիր վերադարձի դեպքում որոշակի կանոնների պահպանմամբ քաղաքացին վերադարձվում է իր ծագման երկիր, եթե այդ երկրների միջև կա փոխադարձ հետընդունման մասին համաձայնագիր: ԵՄ-ն և Հայաստանը հետընդունման համաձայնագիրը ստորագրել են 2013-ին, որն ուժի մեջ է մտել 2014-ից: Եվ այդ տարվանից մենք արդեն իսկ ստանում ենք հետընդունման հայցեր: Իհարկե, 2012-ից է եղել հետընդունումը, բայց այն ինստիտուցիոնալիզացված չէր, չկար իրավական բազա: 2014-ից արդեն իսկ տեսնում ենք միտման աճ: 2014-ին ԵՄ երկրներից 208 անձի վերաբերյալ է եղել հայց, 2015-ին՝ 281-ի, 2016-ին՝ 469-ի, 2017-ին՝ 1753 անձի, 2018-ին՝ 2077-ի: Ի դեպ, նրանցից ոչ բոլորի քաղաքացիությունն ենք մենք հաստատում, որովհետև այնտեղ իրենք հայտնաբերում են անօրինական միգրանտին և պիտի ստուգեն՝ արդյո՞ք նա այդ երկրի քաղաքացի է, թե՞ ոչ:

Օրինակ, 2017-ին 1753 անձից միայն 1441-ի քաղաքացիությունն ենք հաստատել, մնացածը ՀՀ քաղաքացիներ չեն եղել: Բայց այստեղ մեկ ուրիշ տարբերություն էլ կա. սա հաստատված քաղաքացիության թիվն է, վերադարձի թիվը չէ, որովհետև մենք կարող է հաստատենք քաղաքացիությունը, բայց այդ անձը փաստացի վերադարձած չլինի: Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Եվրոստատ) ունի այսպիսի տվյալ. 2017-ին 1441 անձի քաղաքացիությունն ենք հաստատել, բայց վերադարձվել են 1470-ը: Հիմա կասեք՝ ինչպե՞ս է ստացվում նման թիվ, բացատրեմ՝ սա պայմանավորված է նրանով, որ ինչ-որ պատճառով նախորդ տարի այդ մարդիկ չեն վերադարձել: Սրա համար հետընդունման համաձայնագիրն ունի կարգավորում. եթե կան իրավական և փաստացի խոչընդոտներ, անձը պետք է մնա այնքան, մինչև դրանք վերացվեն, և նոր միայն նա կարող է վերադարձվել: 2019-ի տվյալների մասով կարող ենք ասել, որ առաջին 9 ամսվա կտրվածքով արդեն իսկ ստացել ենք 639 հայց՝ 1309 անձի մասով, որոնցից 1018-ի քաղաքացիությունը հաստատել ենք: Եվ հավանական է, որ այս անձինք վերադառնան: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հարկադիր վերադարձի գործընթացի ակտիվացումը… Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը խնդիր դրեց կազմակերպել ցանկացած անօրինական միգրանտի վերադարձը: Այսինքն՝ ԵՄ երկրները գնացին միգրացիոն քաղաքականության խստացման, որի դեպքում օգտագործում են հետընդունման համակարգի գործիքները: Հիմա մենք ցանկանում ենք ունենալ վիզաների ազատականացման ռեժիմ ԵՄ անդամ երկրների հետ:

ԵՄ անդամ երկրներն ասում են՝ որպեսզի գնանք ազատականացման ռեժիմի և է՛լ ավելի ակտիվացնենք մեր երկրների միջև տեղաշարժը, անհրաժեշտ է, որ այն լինի օրինական: Իսկ օրինական շարժի համար մենք պետք է գործիքներ ստեղծենք: Մարդիկ երբ իմանում են, որ անօրինական միգրացիան ունի որոշակի հետևանքներ, այդ գործի մեջ չեն ներգրավվում: Մենք էլ մեր հերթին՝ մեր քաղաքացիներին փորձում ենք տեղեկատվական տարբերակով բացատրել՝ ապաստանի համակարգը ԵՄ-ում այլ բանի համար է ստեղծված, այն զբոսաշրջային, աշխատանքային, առողջապահական նպատակներով չէ, այլ փախստականների ընդունման: Իսկ փախստականն այն անձն է, որն իր երկրում հետապնդվում է: Եթե մարդն ունի առողջական խնդիր, դա չի նշանակում, որ նա հետապնդվում է, այլ ունի խնդիր, որը կապված է առողջապահական համակարգի, ֆինանսական դժվարությունների հետ:

Այս առումով տեսնում ենք, որ առողջապահական ոլորտում որոշակի բարեփոխումներ են իրականացվում: Երբ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ԵՄ-ում անօրինական միգրացիայի առումով ՀՀ-ի չափաբաժինը շատ փոքր է. 2018-ին ԵՄ-ում հայտնաբերվել է շուրջ 600.000 անօրինական միգրանտ, որոնցից ՀՀ քաղաքացիների թիվը եղել է մոտ 2300, այսինքն՝ 0.4 տոկոս: Սա շատ փոքր թիվ է, բայց մենք ցանկանում ենք դա էլ չունենալ, այլ ունենալ օրինական միգրացիոն շարժեր, ինչի ուղղությամբ ԵՄ գործընկերների հետ աշխատում ենք: Ինչ վերաբերում է, թե ինչո՞ւ են ամենաշատը Գերմանիայից արտաքսվում, ապա մենք գիտենք, որ մեր ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունը փախստական չէ, այլ այնտեղ է գնացել առողջապահական կամ աշխատանքային նպատակով: Այս իմաստով մերժման չափաբաժինն այն գործերում, որ ստանում է Գերմանիան, շատ մեծ է՝ 96 տոկոս: Այսինքն՝ այն գործերը, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիների կողմից, 96 տոկոս դեպքերում մերժվում են: Ակնհայտ է՝ ՀՀ-ում չկան պատերազմական մեծ գործողություններ, մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, կրոնական, ռասայական, քաղաքական հայացքների և սոցիալական խմբերին պատկանելու հիմքով հետապնդումներ, ուստի գործերի մեծամասնությունը մերժվում է: Ինչ վերաբերում է առողջապահությանը, այստեղ հիմնականում երկու խնդիր է առանձնացվում՝ քաղցկեղի և երիկամային խնդիրների հետ կապված:

Մենք կենտրոնացած աշխատում ենք Առողջապահության նախարարության գործընկերների հետ, իրենց հերթին՝ գերմանացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել օժանդակել այս ոլորտների բարելավմանը: Հուսանք՝ դա գործնական քայլերի կվերածվի, այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք: Առաջին մեծ քայլը կատարել է Առողջապահության նախարարությունը. դա չարորակ ուռուցքի վիրահատական հեռացումն է ամբողջական պետպատվերով, դիալիզը ևս ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է: Այժմ մենք ունենք որակական բարելավման և առողջապահական համակարգ ավելի մեծ մարդկանց ընդգրկման խնդիրներ, եթե սրանք չեն լուծվում, դառնում են անօրինական միգրացիայի պատճառ:

– Հարկադիր վերադարձածները ժամանակավոր կացարանի խնդիր են ունենում հաճախ, որի լուծումն այսօր իրենց վրա են վերցրել հասարակական կազմակերպությունները: Պետությունն ի՞նչ կերպով է փորձելու օժանդակել այդ մարդկանց, ինչո՞ւ չէ՝ նաև կամավոր վերադարձածներին: Պարզ է՝ սա հայրենադարձություն չէ, բայցև օժանդակման կարիք է լինում:

– Մենք շատ նուրբ գծի վրայով ենք անցնում: Սա հայրենադարձություն չէ, սա քաղաքացու վերադարձ է, այն էլ՝ հարկադիր: Կամավորի մասին դեռ չենք խոսում: Տեսեք՝ այստեղ մենք կարող ենք բախվել սոցիալական արդարության խնդրին, ինչո՞վ է մեղավոր այն քաղաքացին, որը մնացել է այստեղ և չունի պետական հոգածություն, իսկ վերադարձողը պետք է ունենա: Դրա համար մենք ընտրել ենք հետևյալ տարբերակը. մեզ համար չափանիշը միգրացիոն փորձառությունը չէ, ոչ էլ այն, որ անձը գնացել է և վերադարձել կամ վերադարձվել, այլապես բոլորս էլ կարող ենք գնալ, այնուհետ վերադառնալ, և ստացվի, որ մեզ պետք է ինչ-որ արտոնություն տալ: Սա տրամաբանական և ռացիոնալ չէ:

Մեզ համար չափանիշն անձի խոցելիությունն է՝ հաշմանդամություն ունեցող, բազմազավակ ընտանիք, երբ կան խնդիրներ, տարեցներ, երեխաներ: Այսքան ժամանակ պետությունը մասնակցություն չի ունեցել այս ոլորտում, դա արել են հասարակական կազմակերպությունները՝ միջազգայինների ֆինանսավորմամբ: Սակայն երկու տարի առաջ Միգրացիոն ծառայությունում սկսեց գործել միգրացիոն ֆորումը, և հիմա համակարգվում է այդ ամենը, հասարակական և միջազգային կազմակերպությունները հավաքվում են, փորձ է արվում խնդիրները և անձանց տեղաբաշխել, որ կրկնություն չլինի: Պետությունը համակարգման գործառույթ է ստանձնել: Ավելին, մենք այս տարվանից մեկ քայլ առաջ ենք գնացել. տարվա սկզբին Միգրացիոն ծառայությունում ձևավորել ենք վերադարձի և վերաինտեգրման բաժին, որը պետք է այս ոլորտում քաղաքականության մշակման գործառույթներ ունենա:

Աշխատանքները դեռ սկզբնական փուլում են: Մենք մշակել ենք նաև այս քաղաքացիների հրատապ օժանդակության ծրագիր, որը շրջանառության մեջ է դրվել, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հասարակական քննարկում է անցել, միգրացիոն ֆորումում ենք քննարկել մեր գործընկերների հետ: Դեռ չենք ստացել Արդարադատության նախարարության իրավական եզրակացությունը, այն ստանալուց հետո կուղարկենք կառավարության վերջնական հաստատմանը: Եթե այն ընդունվի, դրա շրջանակում մեր վերադարձի և վերաինտեգրման բաժինը կունենա առողջապահական և սոցիալական ուղղորդման կարգեր: Այսինքն՝ երբ անձը վերադառնա, կկատարվի գնահատում՝ հասկանալու՝ արդյոք նա ունի առողջապահակա՞ն, թե՞ սոցիալական ուղղորդման կարիք: Մենք դա չենք կարող իրականացնել, դրա համար կան Առողջապահության և աշխատանքի ու Սոցիալական հարցերի նախարարություններ:

Մենք օպերատիվ կերպով կուղղորդենք, ինչպես նաև՝ նախատեսում ենք «հետևից գնալու» մեխանիզմներ, որ այս անձի վերաբերյալ որևէ անտեսում չլինի ինչ-որ կետում: Եվ միայն ծայրահեղ դեպքում փոքր քանակությամբ ընտանիքների, որոնք չեն ունենա առհասարակ բնակության վայր, 6 ամսով բնակվարձի փոխհատուցում կլինի: Մենք նայել ենք հետդարձի մասով բոլոր ծրագրերը և պարզել, որ բնակարանի ապահովման սուր խնդիր դիմողների միայն տասը տոկոսն է ունեցել: Այստեղ ուզում եմ շեշտել՝ վերևում նշված ավելի քան հազար վերադարձի բոլորը դեպքերը չեն հարկադիր, քանի որ համապատասխան երկրի իշխանությունները մոտենում են և ասում՝ դուք պետք է վերադարձվեք, համաձա՞յն եք կամավոր վերադարձին, և երբ նրանք կամավոր վերադառնում են, դա չենք դիտում հարկադիր վերադարձ: Եթե անձը կամավոր վերադառնում է, 95 տոկոս դեպքում ինքն այստեղ ունի որոշակի պայմաններ:

Այս մասից հարկադիրը մոտավոր 25 տոկոս է, և հարկադիր այս վերադարձածների միայն 10 տոկոսն է, որ ունեցել է բնակարանի ապահովման սուր խնդիր: Այս պահի դրությամբ մենք փոքր թիվ ենք դրել մեր բյուջեի հնարավորության սահմաններում՝ 30-40 ընտանիք, որոնք կարող են ստանալ 6 ամսվա բնակվարձի փոխհատուցում: Կրկնում եմ՝ կառավարությունը դեռ այս ծրագիրը պետք է հաստատի:

– Կամավոր վերադարձածներին անդրադառնանք. մարդը վերադարձել է տարիներ հետո, ենթադրենք՝ մնալու տեղ ունի, բայց չունի աշխատանք, ինտեգրման խնդիր ունի, որևէ կերպ պետությունը չի՞ օժանդակելու՝ մինչև մարդը ոտքի կանգնի իր երկրում:

– Այս գործառույթը մեր պետությունում զրոյական է եղել, նոր ենք սկսում: Այս պահի դրությամբ մենք փորձում ենք գտնել, թե ով կարող է այս խնդիրը լուծել: Գոյություն ունի «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի» (ERIN) ծրագիրը, մենք պայմանագիր ենք ստորագրել և Հարավային Կովկասում առաջինն ենք, որ միացել ենք այդ ցանցին: Իրենք իրենց խորհրդատուներին բերել ու տեղավորել են այստեղ, և բազմաթիվ անձինք ստացել են սրա շնորհիվ տնտեսական ուղղորդում, ինչպես նաև՝ ուղիղ միջամտություն: Այսինքն՝ տրվել է օժանդակություն բիզնես սկսելու համար: Նմանատիպ ծրագրեր մենք մտածում ենք նաև ԵՄ գործընկերների հետ անել, նման ծրագրեր իրականացնում ենք Ֆրանսիայի Վերադարձի գործակալության հետ, որը տեղակայված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Իրենք էլ իրենց հերթին՝ կարևոր քայլ կատարեցին, այն է՝ պայմանագիր են պատրաստվում ստորագրել Գերմանիայի գործընկերների հետ, որ այնտեղից վերադարձածներն էլ Ֆրանսիայի գրասենյակի միջոցով ստանան օժանդակություն: Սրա համար շատ ջանքեր են գործադրվել, քանի որ, եթե պետությունը չունի այս խնդիրները ծածկելու ռեսուրս, ապա գոնե պետք է ինստիտուտներ ձևավորի, որ հետագայում կարողանա մասնակցություն ունենալ այս գործընթացներին:

– Պարբերաբար բազմաթիվ բողոքներ են լինում՝ ՌԴ-ում մուտքի արգելքի և աշխատանքային իրավունքների ոտնահարման հետ կապված: Այս դեպքում պետությունից ի՞նչ օգնություն պետք է ակնկալել:

– Սրա հետ մենք միգրացիոն կարգավորումների մասով ենք առնչվում: Այսինքն՝ երբ անձն ունենում է մուտքի արգելք: ՌԴ-ում համակարգը տարբեր է. մուտքի արգելք սահմանող մարմինների քանակը շատ է՝ Ճանապարհային ոստիկանություն, առողջապահական մարմիններ, «ՀՏրտՏՑՐպովՈՊջՏՐ»: Հիմնականում մեզ դիմում են, մենք հավաքագրում ենք դիմումները, ամփոփում և փոխանցում ՌԴ-ի մեր գործընկերներին: Իրենք իրենց բազաներով ստուգում են, և եթե աննշան խախտումներ են, և իրենք կարող են հանել մուտքի արգելքը, այդ քայլին գնում են: Խնդիրը նրանում է, որ մեր շատ քաղաքացիներ ՌԴ տարածքից հեռացվում են դատական ակտերով: Այս դեպքում մենք չենք կարող բողոքարկել: Եղել է, որ դատականի հիման վրա ուղարկել ենք դիմում, մեր ռուս գործընկերներն ասել են՝ սա մենք չենք կարող վերանայել, քանի որ վարչական մարմին են և չեն կարող փոխել դատարանի ընդունած որոշումը:

Պետք է դատական կարգով բոլոր ատյաններով անցնի անձը, կփոխվի՝ կփոխվի, չի փոխվի՝ չի փոխվի: Իրականում այդ դիմումների քանակը մեզ մոտ կրճատվել է, իհարկե, այնպես չի, որ քիչ է: Այս խնդրով զբաղվում ենք: Այս դիմումների քանակը, թե որքան ենք մենք ուղարկել ՌԴ, 2015-ին եղել է 7000-ից ավելի, 2016-ին՝ մոտ 1300, 2017-ին՝ 344, 2018-ին մենք ուղարկել ենք 211 գործ: Մեր քաղաքացիները պարտավոր են հետևել համապատասխան երկրի միգրացիոն օրենսդրությանը, կարգավորումներին: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքների խախտմանը, դա մեր մասով չէ, այլ ավելի շատ հյուպատոսական պաշտպանության գործառույթ է: Մյուս կողմից օժանդակություն կա այնտեղ դարձյալ հասարակական կազմակերպությունների և նրանց հետ աշխատող փաստաբանների կողմից:

Եղել են դեպքեր, երբ արդյունավետ պաշտպանություն է եղել, երբ մեր քաղաքացիները հաղթել են դատարաններում: Այստեղ կարևորն իրազեկվածությունն է, որ մեր քաղաքացին իմանա՝ եթե գնում է, օրինակ, ՌԴ աշխատելու, պետք է աշխատանքային պայմանագիր ունենա, որում աշխատանքային պայմանները պետք է հստակ ֆիքսված լինեն, այդ թվում՝ պետք է լինի առողջապահական բաղադրիչը: