Արայիկ Հարությունյանի կողմից ձեռնարկված վերջին թարսուշիտակ, ճչացող նախաձեռնությունները մտովի ինձ ետ են տանում 90-ականների կեսեր․ Վարդգես Դավթյան


18:16 , 10 նոյեմբեր, 2019
Արայիկ Հարությունյանի կողմից ձեռնարկված վերջին թարսուշիտակ, ճչացող նախաձեռնությունները մտովի ինձ ետ տարան 90-ականների կեսերը, երբ էն նեղ մաջալին Վանո Սիրադեղյանի կողմից ,«Շամիրամ» անհամակրելի անվամբ կուսակցություն էր ձևավորվում կամ մեքսիկական միջակ սերիալային դերասանուհու վոյաժներ էին կազմակերպվում ու էլի նմանատիպ անկարևոր, անկապ բաներ: Հիմա, էս վիճարկելի կինոնկարի ֆինանսավորման, «կու-կու» բացօթյա բալագանի կամ հայերենի վերաբերյալ ծագած էս ժամանակավրեպ աղմուկի համար ես առաջին հերթին մեղադրում եմ կառավարության այդ օղակներին: Անկապ, անպատրաստ, գլխավորը երկրորդականից զատելու անկարող, իրադարձությունների խորքը տեսնելու անընդունակ ջահել-ջըհուլով իրար գլխի են հավաքվել, չգիտեն ինչը ինչպես անեն: Եվ ընդհանրապես, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտները մենեջ անելու համար մի ուրիշ թափի, խելքի ու փորձառության տեր մեկն էր պետք: Հիշո՞ւմ եք Գեորգի Ասատրյանին։ (ջահելները չեն տեսել էդ երևելի, լեգենդար մարդուն - Հայհամերգի տնօրեն, սպորտկոմիտեի նախագահ, սովմինի գործերի կառավարիչ. քարի տակից էլ միջոցներ էր ճարում - հայ սպորտսմեններին և արվեստագետներին աշխարհով մեկ անում, Սովետական կուլտուրայի մինիստր Ե. Ֆուրցևայի կաբինետ էր մտնում առանց դուռը թակելու: Հենց միայն իր քաղցր խոսքերով կարող էր օձը բնից հանել): Այ, էդ մասշտաբի պաշտոնյա էր պետք այս բոլոր բնագավառները գրեթե միանձնյա ղեկավարելու համար: Սրանք, ցավոք, իբրև միջակ նարցիսներ, ամբողջապես իրենցով են լցված: Մյուս կողմից էլ - մեղադրելի չէ. այդքան իջել է հասարակության որականիշը: