Ֆրանսիայում անհայտ անձինք կես միլիոն եվրոյի գինիներ են գողացել


15:55 , 9 նոյեմբեր, 2019

Բորդո քաղաքում ֆրանսիացի գինեվաճառը գողերին զոհ է դարձել, որոնք նրա մառանից շուրջ 500 հազար եվրոյի հազվագյուտ գինիներ են տարել։ Այս մասին հաղորդում է France Bleu ռադիոկայանը։

Տեղեկության համաձայն՝ չարագործները կոտրել են նրա տան տակ գտնվող մառանի պատուհանը և դուրս տարել ամենաարժեքավոր գինիներով շուրջ 100 արկղ։ Սեփականատիրոջ խոսքով՝ գողացված ամենահին գինիները մի քանի տասնյակ տարեկան են։

Քննիչները փորձում են վերականգնել կատարվածի պատկերը, սակայն դեռևս վկաներ չեն գտնվել։