Միլիարդատերերի կարողությունը 2018 թվականին նվազել է 8,5 տրլն դոլարով


03:52 , 9 նոյեմբեր, 2019

Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո: Պատճառները դարձել են ուժեղ դոլարը եւ ֆոնդային շուկաների անկայունությունը: Այդ մասին  ասվում է UBS շվեյցարական բանկի եւ PricewaterhouseCoopers (PwC) խորհրդատվական ընկերությունների միջազգային ցանցի՝ նոյեմբերի 8-ին հրապարակված զեկույցում:

Նշվում է, որ «ուժեղ դոլարի եւ ֆոնդային շուկաների անկայունության պատճառով միլիարդատերերի կարողությունը 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո»:
Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ իրադրությունն աշխարհի տարբեր տարածաշրջաններում միանման չէ: Ասիայում գրանցվել է միլիարդատերերի հարստության նվազում «հինգ տարի զգալի աճից հետո, որոնց ընթացքում նրանց կարողությունն ավելացել է չորս անգամ»: Միեւնույն ժամանակ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում այն փոքր-ինչ աճել է անցած տարվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, չնայած անցյալ տարի աշխարհի համընդհանուր շտկումներին, միլիարդատերերի միագումար կարողությունն այժմ ավելի քան մեկ երրորդով (34,5 տոկոս) գերազանցում է հնգամյա վաղեմության ցուցանիշները, արձանագրում են հետազոտության հեղինակները: Մասնավորապես, Միացյալ նահանգների միլիարդատերերը, որոնց գործնական հետաքրքրությունները տեխնոլոգիաների սեկտորում են, անցյալ տարի մեծ հաջողությունների են հասել, քան այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են տնտեսության մյուս բնագավառներում, նշում են զեկույցի հեղինակները:Անցած հինգ տարվա ընթացքում աշխարհում 46 տոկոսով ավելացել է կին միլիարդատերերի թիվը:

Ինչպես, մեկնաբանելով հրապարակված զեկույցը, հայտարարել է UBS-ի թոփ-մենեջերներից մեկը՝ Յոզեֆ Սթադլերը, «վերջին հինգ տարիներին միլիարդատերերի բումն այժմ բնական շտկում է վերապարում»: «Ավելի ուժեղ դոլարը, ֆոնդային շուկաների մեծ անորոշության զուգորդմամբ, շրջակա միջավայրի բուռն աշխարհաքաղաքական իրադրության մեջ պայմաններ է ստեղծել այդ անկման համար»,-արձանագրել է նա: «Դրա հետ մեկտեղ, հստակ է, որ միլիարդատերերի բիզնեսը շարունակում է ծաղկել,-պարզաբանել է Սթադլերը:- Միլիարդատերերը բիզնես են ստեղծում ու կառավարում, որն արդյունավետությամբ գերազանցում է ֆոնդային շուկաները»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: