Մանրամասներ են հայտնի դարձել շնաձկան ստամոքսում հայտնաբերված զբոսաշրջիկի մասին


19:00 , 8 նոյեմբեր, 2019

Ֆրանսիական Ռեյունիոն կղզում շնաձկան ստամոքսում հայտնված շոտլանդացի զբոսաշրջիկը լողացել է «անվտանգ» ծովածոցում, հաղորդում է Daily Mail-ը:

Նոյեմբերի 2-ին, 44-ամյա ճանապարհորդ Ռիչարդ Մարտին Թյորները, որը հանգստավայր էր ժամանել կնոջ հետ, ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա լողալու ժամանակ անհետացել էր: Նրա կինը՝ Վերիթի Թյորները, որոնողափրկարարական գործողություն էր կազմակերպել:

Մի քանի օր անց, զբոսաշրջային լողափերի մոտակայքում, վագրային շնաձուկ են նկատել, որը սպառնալիք է հանդիսանում հանգստացողների համար: Գիշատչին բռնել են և հերձման ժամանակ ստամոքսում հայտնաբերել են անհետ կորած զբոսաշրջիկի հարսանեկան մատանիով ձեռքը: Վերիթին ճանաչել է Ռիչարդի զարդը:

Մարդկային մնացորդները ուղարկվել են ԴՆԹ հետազոտության: Արդյունքները հաստատել են, որ ձեռքը պատկանել է Թյորներին:

Նշվում է, որ զույգը ժամանել է կղզի՝ Վերիթիի 40-ամյակը նշելու համար: Նրանք կանգ էին առել Սեն-Ժիլ գյուղի Lux Réunion հինգ աստղանի հյուրանոցում:

Ծովածոցը, որտեղ անետ կորել էր զբոսաշրջիկը, տեղացիները հանգստի համար անվտանգ են անվանել: Մարջանային խութը շնաձկների դեմ պաշտպանական պատնեշի դեր էր կատարում:Ռեյունիոնը տեղակայված է Հնդկական օվկիանոսում, Մադագասկարից 700 կմ արևելք: Կղզին Ֆրանսիայի անդրծովյան շրջան է: Տեղական շատ լողափերում գիշատիչների առատության պատճառով արգելվում է լողալ և սերֆինգով զբաղվել: Վերջին երեք տարվա ընթացքում կղզու ափերին գրանցվել են շնաձկների 24 հարձակումներ, որոնցից 11-ը՝ մահվան ելքով: