Հայկական կոնյակի ստեղծման պատմությունը. այն պաշտել են Ուինսթոն Չերչիլը, Ագաթա Քրիստին, Ֆրենկ Սինատրան


20:30 , 8 նոյեմբեր, 2019

Հայկական կոնյակը, ինչպես նշում են ալկոհոլի գիտակները, համարվում է ամենաէլիտար խմիչքը՝ չնայած իր հասանելիությանը։ Այս խմիչքի ծագման մասին բազմաթիվ տեսություններ կան, ինչպես նաև վեճեր հայկական ու ֆրանսիական կողմերի միջև։ Անկախ այն բանից, թե հետագայում ինչպես կանվանվի հրաշալի համ ու բույր ունեցող այս խմիչքը, այն, միևնույն է, իր մեջ պարունակում է հայ ժողովրդի ավանդույթները, հողի ու արևի ջերմությունը։

Ինչպես ասել է Ուինսթոն Չերչիլը, ով հայկական կոնյակի ու հայ կանանց սիրահար էր. «Լավ կոնյակի հետ պետք է վարվել այնպես, ինչպես կվարվես կնոջ հետ՝ տաքացնել ձեռքերիդ մեջ, այնուհետև փորձել»։ Ասում են՝ Չերչիլն ամեն օր առնվազն մեկ շիշ հայկական կոնյակ էր խմում։

Չերչիլն ընտրել էր հենց այս խմիչքը, քանի որ այն ամենաթունդն էր. հայկական «Դվին» կոնյակը 50 աստիճան թնդություն ունի և համարվում է աշխարհում ամենաթունդ կոնյակը։ Թեհրանում 1943 թ. Չերչիլն առաջին անգամ փորձեց այս կոնյակը, որը պարզապես հիացրեց նրան, և նա Ստալինց պահանջեց երկու շաբաթը մեկ անգամ 12 շիշ «Դվին» ուղարկել իրեն։ Հայկական կոնյակի սիրահարներ էին նաև Ագաթա Քրիստին, Ֆրենկ Սինատրան և շատ այլ հայտնի անձինք։

Հայտնի են հնագիտական պեղումներով և պատմական վկայություններով ապացուցված տվյալներ Հայաստանի տարածքում ավելի քան 2000 տարի առաջ գինեգործության առաջացման մասին։ Բավական է որպես օրինակ ընդունել Երևանում, առավել կոնկրետ՝ Թեյշեբաինի ուրարտական ամրոցի շրջակայքում կատարված պեղումները։ Դրանց արդյունքում հնէաբանները հայտնաբերել են գինու 480 կարաս՝ 250-1500 լ տարողություններով։ Այս փաստը համադրելով մյուս բոլոր վկայությունների հետ՝ զարմանալի չի թվում այն պնդումը, որ խաղողն ու գինեգործությունն առաջացել են Հայաստանում և տարածում գտել ողջ աշխարհում։

Կովկասյան ժողովուրդներին թորման գործընթացը հայտնի է եղել շատ ավելի վաղ, քան այն սկսել է կիրառվել Եվրոպայում։ Հենց թորումն է համարվում կոնյակային սպիրտի արտադրման հիմնական եղանակը։ IV դարի կեսերին Հայոց թագավորության մայրաքաղաքի՝ Դվինի գինին հասավ Հռոմ, ինչն ապացուցված է հնագետների կողմից։ Եվ սա վկայում է այն մասին, որ Հայկական թագավորության տարածքում կոնյակ սկսել են պատրաստել շատ ավելի վաղ, քան 1877 թ.՝ դրանից 15 դար առաջ։ Արին Բերդի, Կարմիր Բլուրի, Թեյշեբաինիի և Էլար Դարանիի պեղումների ժամանակ բազմաթիվ գտածոներ և հնագիտական առարկաներ են հայտնաբերվել, որոնք թույլ են տալիս վստահորեն ասել, որ հայերը գինեգործությամբ զբաղվել են եվրոպացիներից շատ ավելի վաղ։ Հին հույն պատմաբաններ Քսենոֆոնը, Հերոդոտոսն ու Ստրաբոնը հայկական գինու մասին գրել են դեռևս 2500 տարի առաջ։ Հայաստանի տարածքում խաղող սկսել են աճեցնել մոտ 35 դար առաջ։

Խմիչքը, որը ներկայումս կոչում ենք հայկական կոնյակ, ևս ունի ծագման ու զարգացման պատմություն։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանը իր գինու արտադրության մեջ սկսեց օգտագործել 120 դույլ տարողությամբ սպիրտի հանման նոր սարք օգտագործել։ Դասական եղանակով պատրաստված առաջին կոնյակը պատրաստվել է միայն 10 տարի անց՝ 1887 թ.։ Դրան ֆրանսիական անուն են տվել՝ «Ֆին-շամպայն»։ Երբ 1898 թ. Ներսես Թարիյանն արդեն ծեր էր ու չէր կարողանում ղեկավարել գինու արտադրության գործընթացը, նա որոշեց գործարանը վարձակալության հանձնել, և վաճառեց այն «Նիկոլայ Շուստով և որդիներ» արտադրական ընկերությանը։

Երբ Խորհրդային իշխանությունը տարածվեց Հայաստանի վրա, 1920 թ. Շուստովի ընկերությունը ևս ընկավ զանգվածային ազգայնացման ծրագրի տակ ու ստացավ «Արարատ» գինու ու կոնյակի գործարան անվանումը։ 1948 թ. «Արարատը» բաժանեցին երկու մասի՝ «Երևանի գինու կոմբինատի» և Երևանի կոնյակի գործարանի։

Այսօր հայկական կոնյակը ողջ աշխարհում հազարավոր երկրպագուներ ունի՝ շնորհիվ այն տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառման, որոնք պահպանվում են դարեր շարունակ։