Որքան դաժանաբար են վարվում դալիթների հետ, որոնք Հնդկաստանի ամենացածր խավի ներկայացուցիչներն են


21:00 , 8 նոյեմբեր, 2019

Չնայած որ Հնդկաստանի սահմանադրությունը պաշտոնապես չի ճանաչում հասարակության բաժանումը կաստաների և խմբերի, հնդիկների մեծ մասը հետևում է բազմադարյա ավանդույթներին, և նրանք բաժանվում են «բարձրերի» ու «ցածրերի»։

Առավել հստակորեն՝ դալիթները կամ «անձեռնմխելիները» գտնվում են հիմնական չորս կաստաների թվում՝ հնդկական հասարակության հիերարխիայի ամենացածր հատվածում։ Եվ եթե խոշոր քաղաքներում նրանց հանդեպ մյուսների վերաբերմունքը քիչ թե շատ բարելավվում է, ապա փոքր քաղաքներում և գյուղական համայնքներում ամեն ինչ մնում է այնպիսին, ինչպիսին էր դարեր առաջ։

Բնակելի շատ վայրերում նրանց ներկայությունն արգելվում է։ Դալիթների հիմնական մասնագիտություններն են՝ կաշեգործություն, աղբահանություն, մաքրություն։ Նրանց տարվա մեջ միայն մեկ անգամ են թույլատրում տաճար մուտք գործել, որից հետո այնտեղ մաքրության ծիսակատարություն են կազմակերպում՝ դալիթների հետքերը վերացնելու համար։ Գնումներ կատարում են առանց խանութ ոտք դնելու. պարզապես գումարը դնում են դռան շեմին և բղավում, թե ինչ է իրենց անհրաժեշտ, իսկ ապրանքը վաճառողը դուրս է բերում խանութից։

Մի շարք արգելքներ ևս գործում են, որոնք խախտելու դեպքում դալիթները դաժան պատիժների են արժանանում։ 2008 թ. մի դալիթուհի իր փոքր դստեր հետ հնդկական քաղաքներից մեկում որոշել էր մայթով քայլել։ Բարձր դասի անցորդներից մեկը վերցրել էր աղջկան և նետել աշխատավորների կողմից փողոցում արված խարույկի մեջ։ Բարեբախտաբար, աղջիկը ողջ է մնացել։

Նույն տարում մի դալիթ տղամարդ գումար էր հավաքել ճոխ հարսանիք կազմակերպելու համար և որոշել էր հարսի հետևից ձիով գնալ։ Սակայն քանի որ, հին ավանդույթների համաձայն, նրանց արգելվում է ձիու վրա նստել, տեղի բնակիչները դալիթներին հայտնեցին, որ արյունահեղություն կկազմակերպեն, եթե փեսան նման բան անի։

Դալիթներին շատ հաճախ ծեծի են ենթարկում անհիմն պատճառներով, այրում են նրանց բնակարանները, երբ նրանք ներսում են լինում։ 90% դեպքերում դալիթների կողմից ոստիկանությանը ներկայացված հաղորդումներն ուշադրության անգամ չեն արժանանում։ Սոցիոլոգները կանխատեսում են, որ Հնդկաստանը դեռ երկար ժամանակ չի ազատվի դասային տարբերակումներից, եթե, իհարկե, դա մի օր տեղի ունենա։