Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը


12:14 , 7 նոյեմբեր, 2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավի դիմաց փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Նրանք միջնորդել են գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Ներկայացնելով միջնորդությունը՝ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել էր, որ նախորդ միջնորդությունը, որը ներկայացվել էր սեպտեմբերի 17-ին, մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ գրավը չի կարող զսպել գործի խոչընդոտման ռիսկը։

«Որոշման հրապարակումից անցել է մոտ 2 ամիս, մինչդեռ ամեն օրը նվազեցնում է խոչընդոտման ռիսկը։ Ավելին՝ նախկինում, 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել քննությունից և չի խոչընդոտել դատական գործընթացին»,– ասել էր նա: